Նորություններ

Ժամանակից շուտ ծախսված միլիոններ. ինչո՞ւ քաղաքացիները զրկվեցին պետպատվերով բուժվելու հնարավորությունից

Հոդվածն ամբողջությամբ հասանելի է այս հղմամբ։
_____________

2021 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներից սկսած  Հայաստանում գործող խոշոր բժշկական կենտրոնները գրեթե դադարեցրել են պետական պատվերի շրջանակում քաղաքացիներին բժշկական ծառայություններ մատուցել: Բուժհիմնարկները ֆինասական խնդիրների առջեւ են կանգնած, քանի որ մեծամասամբ սպառվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից ԲԿ-ներին տրվող  պետպատվերի տեղերը:

Պետական պատվերի շրջանակում, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնություն տրամադրելու համար, 2021 թվականին պետության կողմից բժշկական կենտրոններին  ընդհանուր հատկացվել է 11 մլրդ 975 մլն դրամ, որից մնացել է երկու մլրդ դրամը: Այս մասին տեղեկանում ենք պետական առողջապահական գործակալության Armed.am  համակարգից:

Հիվանդանոցներն առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունից պաշտոնական գրություն են ստացել՝ հիվանդներին չսպասարկել յուրաքանչյուր եռամսյակի համար նախատեսված հատկացումներից ավելի, փոխարենը հերթագրել առաջիկա ամիսներին ծառայություններ մատուցելու համար: Արդյունքում ԲԿ-ներում մինչեւ այս տարվա դեկտեմբեր ամսվա համար հերթագրումներ են իրականացվել:

2019-20 թվականներին պետպատվերի տեղերի խնդիր չի եղել, բոլորը սպասարկվել են ըստ անհրաժեշտության: Խնդիրներն առաջացել են 2021 թվականի օգոստոսից՝ պայմանավորված  44-օրյա պատերազմի հետեւանքով առողջապահական համակարգում ստեղծված ֆորս մաժորային իրավիճակով:

ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ին ընդունված N 318-Ն որոշմամբ սահմանվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն տրամադրելու կարգն ու հիվանդությունների ցանկը: Ի թիվս սոցիալական այլ խմբերի, այս որոշումը տարածվում է նաեւ արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց վրա:

44-օրյա պատերազմից հետո սոցիալական այս խմբի անձանց թիվը, պայմանավորված վիրավորված զինծառայողների եւ քաղաքացիական բնակչության թվաքանակով, կտրուկ աճել է: Առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի փոխանցմամբ, պետպատվերի համար նախատեսված գումարից  շուրջ 2 միլիարդ դրամ ուղղվել է այս անձանց արտահերթ բուժսպասարկմանը: 2020 թվականին, երբ հաստատվել է պետպատվերի բյուջեի չափը, պատերազմի եւ դրա հետեւանքերի գործոնները հաշվի չեն առնվել, ինչն էլ հանգեցրել է նրան, որ տարվա ավարտին դեռ կա չորս ամիս, իսկ գումարներն արդեն սպառվել են:

Այս տեղեկությունը հաստատեց նաեւ առողջապահության նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը.

«Պետպատվերի արագ սպառման պատճառը քովիդի եւ հետպատերազմական իրավիճակով պայմանավորված հիվանդացվածության ավելացումն է: Ավելի շատ  մարդիկ են ստացել հաշմանդամության կարգեր եւ ունեն պետական պատվերի արտոնություն: Միայն ռազմական դրություն հայտարարելու պահին մենք մոտ 1,8 միլիարդ ուղղել ենք պատերազմով պայմանավորված վիրավորների բուժմանը, Արցախից Հայաստան եկած քաղաքացիների համար բուժսպասարկումը դարձրեցինք անվճար: Հաշվի առնենք, որ այդ քաղաքացիների մի մասն այժմ ապրում է Հայաստանում, եւ նրանց բուժօգնությունը շարունակում է կրկին անվճար լինել»:

Ֆինանսական խնդիրների պատճառով Երևանում և մարզերում ԲԿ-ներն այժմ պետպատվերի շրջանակներում սպասարկում են անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդներին, իսկ այն քաղաքացիները, որոնք ընդգրկված են հաշմանդամության խմբերում եւ այլ արտոնություններից են օգտվում՝ պետք է սպասեն: Մեծ է հավանականությունը, որ նրանցից շատերը չեն սպասարկվի այս տարվա ընթացքում:

Armed.am համակարգի համաձայն՝ պետությունից  Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար ԲԿ-ները պետությունից ստացել եւ սպառել են հետեւյալ դրամական միջոցները.

Էրեբունի ԲԿ-ն սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար պետությունից ստացել է ամենխոշոր հատկացումը՝ 1 մլրդ 640 մլն դրամ,  սեպտեմբերի առաջին տասնօրյակում մնացորդը կազմում էր 130 մլն դրամ: Երեւանի մեկ այլ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն՝ «Աստղիկ»-ը, ստացել է 630 մլն դրամ, որից  նշյալ ժամանակահատվածում առկա է 16 մլն դրամը:  Իսկ «ԱրթՄեդ» ԲԿ-ն 205 մլն դրամն ամբողջությամբ է սպառել:  Հայաստանի քաղաքացիների սոցիալապես խոցելի խմբի համար Գյումրու ԲԿ-ն ամբողջ տարվա համար ստացել է 385 մլն դրամ, որից  սեպտեմբերի դրությամբ  առկա է 41 մլն  դրամը, Մարտունու ԲԿ-ն ստացել է 187 մլն դրամ, որը ծախսել է ամբողջությամբ: Այժմ առկա է ընդամենը 18 հազար դրամ:

«Պետպատվերի տեղերն արագ  սպառվել են, քանի որ գումարի զգալի մասն ուղղվել է պատերազմում վիրավորված անձանց բուժմանը:  Սպասում ենք, որ պետության կողմից պետպատվերի ծավալներն ավելացվեն: Ակնկալվում է, որ սեպտեմբերի մեջ ֆինանսավորում կլինի: Հիմա շատ հերթագրվածներ ունենք, որոնց վիճակը սուր է, բայց ծանր չէ: Հիմա միայն սպասարկում ենք ծանր դեպքերը»,- ասում է Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը:

Պետպատվերի սպառման արդյունքում անորոշ ժամանակով հետաձգվել է Երեւան քաղաքի բնակիչ Լուիզա Մանուկյանի 19-ամյա որդու քթի վիրահատությունը:

«Դիմել եմ «Մեդլայն» ԲԿ՝ քթի վիրահատության համար: Մեզանից ուղեգիր են ուզել, որը տարել ենք, եւ ասել են, որ գումարը պետությունն է փոխանցելու: Մեզ նախապես չեն ասել, որ սեպտեմբերին գումարը սպառվելու է եւ վիրահատություն չի լինի: Սեպտեմբերի մեջ, երբ եկավ վիրահատության օրը,  մեզ տեղեկացրին, որ գումարը սպառվել է եւ վիրահատություն չի լինելու: Հիմա անորոշ սպասում ենք»,- նշում է տղայի մայրը:

Բժշկական կենտրոնները հերթագրվածների հստակ թիվ չեն կարողանում տրամադրել, քանի որ թիվը ժամ առ ժամ աճում է:

Ըստ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի,  խնդիրը լուծում կստանա, եթե կառավարությունը առողջապահության ոլորտին լրացուցիչ գումարներ հատկացնի: «Եթե այս հարցը վերաբաշխումով չլուծվի, ապա մենք կունենանք ամիսներով սպասող հիվանդներ, որոնք ունեն առողջապահական ծառայությունների կարիքներ այսօր: Ես կոչ եմ անում, որ կառավարությունը վերաբաշխում կատարի այլ տեղերից դեպի առողջապահություն, որը շատ կարեւոր է: Հերթագրման համակարգը պետք է դադարի գործել եւ քաղաքացիները պետք է սպասարկվեն նույն պահին: Վերաբաշխումները կարող են կատարվել նաեւ հարկային եկամուտների հաշվին»:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, թեեւ չի հաստատում, որ բոլոր հերթագրված քաղաքացիներն այս տարվա ընթացքում կստանան անհրաժեշտ ծառայություններ, բայց նշում է՝ պետպատվերի վերաբաշխման համար կառավարությանը 1 մլրդ 2 մլն դրամի նախագիծ են ներկայացրել: Այն դեռ քննարկվում է գործադիր մարմնում, հավանության չի արժանացել:

Հանրային առողջության մասնագետ, անկախ փորձագետ  Դավիթ Մելիք-Նուբարյանը նշում է՝  պետպատվերների խնդիրը տարիներից է գալիս՝ ֆինանսաների կառավարման անարդյունավետությամբ պայմանավորված: «Մենք այժմ ունենք մարդիկ, ովքեր չեն կարողանում ստանալ բուժօգնություն եւ ունենք մարդկանց մի մեծ խումբ, որոնք ստանում են պետպատվերով բուժօգնություն, բայց դրա կարիքը չունեն»:

Հանրային առողջության մասնագետը նշում է նաեւ իր ուսումնասիրությունների արդյունքերը, թե ինչու՝ Հայաստանի հիվանդանոցներում արտոնություն ունեցող քաղաքացիները չեն սպասարկվում: «Նախորդ երեք տարիների ընթացքում բուժհիմնարկները որքան քաղաքացիներին սպասարկել են այդքան պետությունից փոխհատուցում են ստացել: Այսպիսով չի պահպանվել բյուջետային կարգապահության չափանիշները: Այս տարի, հավանաբար, բյուջեի սահմաններում քաղաքացիներին սպասարկելն առաջին պլան է անցել, բայց բուժհաստատությունները շարունակել են գործել նախկինի նման»,-ասում է նա:

Դավիթ Մելիք-Նուբարյանը մեկ այլ խնդրի մասին էլ է բարձրաձայնում՝  ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքացիներին պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ստանալու համար հոսպիտալացրել են՝ առանց հիմնավորման: Սա որոշակի կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

«2019 թվականին, երբ շահառուների համար ծառայությունների ցանկն ավելացվեց, մոտավորապես 40 հազար ավել հոսպիտալացում եղավ: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ առնվազն կեսը կասկածելի հիմքեր են ունեցել հոսպիտալացման: Եթե համակարգը լիներ արդյունավետ, ապա այդ դեպքերը կբուժվեին պոլիկլինիկաներում: Այդ հիմքերը ոչ մեկ չի ստուգում, քանի որ բժշկական կենտրոններին էլ է անհրաժեշտ հասպիտալացնելը, քանի որ պետությունից ֆինանսավորվում է կատարած աշխատանքի թվաքանակով»:

Դավիթ Մելիք-Նուբարյանի դիտարկմամբ Հայաստանի առողջապահության ոլորտում համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա՝ առողջապահության ապահովագրության ներդրումից մինչեւ հիվանդությունների բուժման ուղեցույցերի կիրառում:

Հերթագրված քաղաքացիների բուժօգնություն ստանալու խնդիրն էլ, ըստ փորձագետի, երեք լուծում ունի: Հայաստանի կառավարությունը պետք է պահուստային ֆոնդից գումար հատկացնի կամ առողջապահության նախարարությունը այլ ծառայությունների համար հատկացումներն ուղղի այս խնդրի լուծմանը, եթե ոչ, ապա բուժհիմնարկները պետք է իրենք հոգան ծախսերը:

Սեպտեմբերի 29-ին Կառավարության  որոշմամբ պահուստային ֆոնդից 1 մլրդ 2 մլն դրամ լրացուցիչ դոտացիա հատկացվեց առողջապահության նախարարությանը՝ պետպատվերի խնդիրը լուծելու նպատակով: Այս գումարը դեռ ամբողջությամբ չի բաշխվել հիվանդանոցներին:

Նարեկ Կիրակոսյան

_____________
Փաստերի ստուգման այս հոդվածը ստեղծվել է «Մեդիագրագիտություն՝ հասարակության խոցելի խմբերի համար» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը եւ Հանրային լրագրության ակումբը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend