Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

 Ոչ բռնի հաղորդակցության մեր ճանապարհը

Ավելի քան 250 մասնակից, 250․000-ից ավելի իրազեկված մարդ, մի շարք կրթական մնայուն նյութեր․ Հայաստանում ձևավորվել է ոչ բռնի հաղորդակցության ակտիվ համայնք։  

«Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագիրը, որն իրականացվում էր  2023-2026 թթ․՝ Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ) — ի և գործընկեր  International Alert—ի կողմից, Եվրոպական հանձնաժողով-ի ֆինանսական աջակցության շնորհիվ, Հայաստանում ու տարածաշրջանում նպաստեց խաղաղաշինությամբ հետաքրքրված երիտասարդների՝ ՈԲՀ կարողությունների զարգացմանն ու համագործակցությանը։

Ծրագրի շրջանակում կազմակերպվել են ոչ բռնի հաղորդակցության թեմաներով 7 դասընթացներ Հայաստանում և Հայաստանից դուրս, իրականացվել են նախագծեր Հայաստանի տարբեր համայնքներում, որոնց շնորհվի  առավել քան 250 երիտասարդներ  մասնակցել, վերապատրաստվել ու ձևավորել են ոչ բռնի հաղորդակցության սկզբունքներին նվիրված համայնք։

Հանրային լրագրության ակումբի Ոչ բռնի հաղորդակցության եռամյա ճանապարհի մասին համառոտ պատմում ենք տեսանյութում (նաև ստորև)։

ՈԲՀ հմտությունների զարգացմանն ուղղված բոլոր դասընթացները վարել է ոչ բռնի հաղորդակցության արտոնագրված մասնագետ Սինտա Դեպոնդտը։   

«ՈԲՀ-ն ստեղծում է մի տարածք, որտեղ ես կարող եմ ունենալ իմ ճշմարտությունը, իսկ դու՝ քոնը։ Եվ հարցն այլևս այն չէ, թե ով է սխալ, ով՝ ճիշտ, այլ հասկանալը ինչպես է քեզ համար, ինչպես է ինձ համար։ Սա հասկացված լինելու մասին է, որի կարիքն ունեն բոլոր մարդիկ։ Հենց այս կարողություններն են, որ իրական ու նոր տարածք են ստեղծում խաղաղաշինության համար»,- նշում է Սինտա Դեպոնդտը։

Դասընթացների շնորհիվ մասնակիցները հնարավորություն են ստացել բարելավել իրենց դիտարկելու և ակտիվ լսելու, կարեկցելու կարողությունները, ինչպես նաև  ինքնաճանաչողության և խաղաղության լեզվով հաղորդակցվելու հմտությունները։ 

ՈԲՀ սկզբունքների ու գաղափարախոսության շուրջ  խորքային քննարկումների շնորհիվ մասնակիցները ծանոթացել են կոնֆլիկտների լուծման նոր մոտեցումներին, հնարավորություններ են ստեղծվել սովորածը Հայաստանում կիրառելու, տարածելու ու համայնքերի հետ քննարկելու համար։

Դիտարկում՝ դատողության փոխարեն, ակտիվ լսել՝ պատասխանելուց առաջ, խնդրել՝ առանց ավելորդ մեղադրանքների․ այս և այլ հմտություններ ընկած էին ինտերակտիվ և ինտենսիվ դասընթացների հիմքում։ 

«Մինչ այս ծրագիրը ես կատարում էի բարոյագիտական դատողություններ, այս ծրագրից հետո՝ օբյեկտիվ վերլուծություններ»,- ընդգծում է ծրագրի մասնակից Գոհար Գրիգորյանը։

Դասընթացների շուրջ  9 մասնակիցներ հնարավորություն են ունեցել իրականացնել անհատական նախագծեր, որոնք նվիրված են եղել խաղաղաշինության գաղափարի ջատագովությանը, ինչպես նաև ՈԲՀ սկզբունքների տարածմանը լայն հանրային շրջանակներում։ 

Անհատական նախագծի շրջանակներում ստեղծվել է «Խաղաղարար» սեղանի խաղը, որը բաղկացած է տարբեր սիմուլյացիոն քարտերից։ Խաղը միտված է մեր հասարակությունում ՈԲՀ մշակույթի զարգացմանը և դիմացինի հետ խաղաղ երկխոսության կառուցմանը։

Նախագծերի շրջանակում հեղինակվել է Ոչ-բռնի հաղորդակցությանը նվիրված առաջին հայալեզու գրքույկը, որտեղ զետեղված են ՈԲՀ գաղափարները, սկզբունքները և բաղադրիչները։ 

Նախագծերից մեկը նվիրված է եղել «Փափուկ հաղորդակցություն ինքներս մեզ և ուրիշների հետ» խորագրով մարզային աշխատարանների կազմակերպմանը՝ տեղական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների համար։

Անհատական նախագծերից մեկն էլ փոդքասթի տեսքով էր։  «Հաղորդակցության ուժը» կրթական փոդքասթը բաղկացած է վեց էպիզոդներից և նվիրված է  խաղաղության, հակամարտությունների կանխարգելման ու առողջ երկխոսության թեմաներին։

«Գիտակցված մեդիա. ոչ բռնի հաղորդակցության կիրառումը խաղաղ ու գիտակցված մեդիա սպառման համար» ուսումնասիրության  հրապարակումը և «Երիտասարդը՝ որպես խաղաղության առաջնորդ» շարադրությունների մրցույթի  անցկացումը ևս ՈԲՀ անհատական նախագծերի ձեռքբերումներից են։

Կիսվել :