Նորություններ

EduMedu. անվճար դասընթացների նոր հարթակ՝ սովորողների և դասավանդողների համար

Հանրային լրագրության ակումբը ներկայացնում է նոր՝ Edumedu.am անվճար կրթական հարթակը:

Առանց դասացուցակի այս ազատ ուսումնական հարթակի նպատակն է խրախուսել ինքնուսուցումը և անձնական աճը՝ առաջարկելով առցանց դասընթացներ և ինքնակրթմանը նպաստող կրթական նյութեր՝ հայերենով։

Մենք հավատում ենք, որ շարունակական կրթությունը նոր հնարավորություններ բացահայտելու, նոր կարողություններ զարգացնելու և արդեն իսկ եղած հմտությունները կատարելագործելու բանալին է։

Հարթակում  կարող եք գտնել երեք դասընթաց՝ սոցիալական ձեռնարկատիրության, ռազամավարական հաղորդակցության և հանրային արշավների վերաբերյալ։

Հարկ ենք համարում նշել, որ որոշ դասընթացներ ունեն նաև կից հարցաշարեր, որով կարող եք ոչ միայն ձեր գիտելիքները ստուգել, այլև բարեհաջող լրացնելով այն, ստանալ էլեկտրոնային հավաստագիր։

Բացի այդ, կայքի «Վեբինարներ» բաժնում կգտնեք Հանրային լրագրության ակումբի կողմից վերջին տարիներին տարբեր ծրագրերի շրջանակում կազմակերպված առցանց դասախոսությունները՝ մեդիագրագիտության, ծնողավարության, մանկավարժների կարողությունների զարգացման վերաբերյալ և այլն։

EduMedu-ն հնարավորություն է տալիս ոչ միայն սովորելու, այլև կիսվելու գիտելիքներով։

Եթե Դուք մասնագետ եք եւ ցանկանում եք կիսել ձեր փորձառությունն ավելի լայն լսարանի հետ, ապա կարող եք համալրել մեր դասախոսների շարքը՝ լրացնելով «Դառնալ դասընթացավար» բաժինը, որտեղ դուք դասախոսություններ ու դասընթացներ հրապարակելու հնարավորություն կունենաք։

EduMedu առցանց կրթական հարթակը ստեղծվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

 Հանրային լրագրության ակումբի մասին

Հանրային լրագրության ակումբը Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է: Մեր առաքելությունն է՝ խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը Հայաստանում` զարգացնելով մասնակցային եւ հանրային թղթակցությունը, քաղաքացիական թղթակիցներին եւ պրոֆեսիոնալ լրագրողներին, լրատվամիջոցներին ու սոցիալական մեդիայի մասնագետներին, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հասարակական այլ ոլորտների մասնագետներին կապող համագործակցության գրավիչ, աշխատանքային կամուրջներ ստեղծելով:

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք գրել [email protected] հասցին կամ զանգահարել +37499 755 898 հեռախոսահամարով։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend