Նորություններ

Հանրային լրագրության ակումբը, իսպանական Մալդիտայի հետ համագործակցությամբ, մեկնարկել է փաստերի ստուգման և մեդիագրագիտության կրթական դասընթաց

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի աջակցությամբ, ստեղծել է մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր։

Այն մեդիագրագիտությանը և փաստերի ստուգմանն ուղղված կրթական բացառիկ նախագիծ է՝ նախատեսված Երևանի և մարզերի լրատվամիջոցների աշխատակիցների և լրագրության ֆակուլտետների ուսանողների համար:

Աքսելերատորի առաջին հոսքի մեծ թվով դիմորդներից միայն 16-ն են հնարավորություն ստացել մասնակցելու այս անվճար դասընթացին, որի տևողությունը երկու ամիս է։

Աքսելերատորի շրջանակում իսպանական «Մալդիտա» ընկերության և փաստերի ստուգման ու մեդիագրագիտության հայաստանյան լավագույն փորձագետները վեբինարների և սեմինարների միջոցով մասնակիցներին են փոխանցելու արժեքավոր տեսական և գործնական գիտելիքներ, ծանոթացնելու փաստերի ստուգման կիրառելի և օգտակար գործիքների, որոնք նոր խթան կհանդիսանան ապատեղեկատվության դեմ պայքարի գործում։

Նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելուց զատ, աքսելերատորի մասնակիցները հնարավորություն ունեն նաև ներկայացնելու փաստերի ստուգմանն ու ապատեղեկատվության դեմ պայքարին ուղղված անհատական նախագծեր, որի արդյունքում լավագույններն արժանանալու են դրամաշնորհների։

Հատկանշական է, որ աքսելերատորի փորձագետները անդրադարձ են կատարում ոչ միայն տեսական գիտելիքների, այլև քննարկում են ապատեղեկատվության հատուկ դեպքեր, օրինակ՝ ճգնաժամային իրավիճակներում, մասնավորապես՝ COVID-19 համավարակ, ռուս-ուկրաինական պատերազմ, ընտական գործընթացներ, կեղծ լուրերի և ապատեղեկատվության շրջանառման վտանգներն ու դրանց դեմ պայքարի մեխանիզմները։

Նշենք, որ աքսելերատորն առցանց/անցանց (online/offline) նորարարական կրթական միջավայր է, որտեղ կարճ ժամանակահատվածում, վերապատրաստումների միջոցով մասնակիցներին տրվում է անհրաժեշտ հմտությունների, գիտելիքների և փորձի ձեռքբերման, կարողությունների զարգացման ու դրանց կիրառման հնարավորություն։

ՀԼԱ-ն նախատեսում է Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատորի շրջանակում ևս երկու դասընթաց անցկացնել 2023 թվականի ընթացքում։

Աքսելերատորի հետ կապված այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ։

Ծրագրի մանրամասները հասանելի են այստեղ։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend