Հանրային լրագրության ակումբը միացել է Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնին
Հանրային լրագրության ակումբը միացել է Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնին
- August 23, 2024
- Category: Հայտարարություններ
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հանրային լրագրության ակումբը մասնակցելու է Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնին, որը տեղի կունենա սեպտեմբերի 6-8-ին՝ Հանրապետության հրապարակում (Հայաստանի պատմության թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի կամարաշարում)։
Իր երկարամյա գործունեության ընթացքում Հանրային լրագրության ակումբը հեղինակել և թարգմանել է մի շարք յուրօրինակ գրքեր, ձեռնարկներ, ուղեցույցներ, սեղանի կրթական խաղեր՝ մեդիագրագիտության, թվային անվտանգության, փաստերի ստուգման, սոցիալական ձեռներեցության, մարդու իրավունքների հետ կապված, որոնք նպատակ ունեն նպաստել հանրության տարբեր խմբերի գիտելիքների և կարողությունների զարգացմանը։
Ուշադրություն․ սեպտեմբերի 7-ին հանրությանն առաջին անգամ կներկայացնենք մեր նոր թարգմանած գիրքը՝ «Առցանց կենդանաբանական այգի»-ն և ապատեղեկատվության դեմ պայքարի և թվային գրագիտության խթանմանն ուղղված ձեռնարկը, որոնց լույս ընծայումը հնարավոր է դարձել Հայաստանում Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Մենք նախատեսում ենք պաշտոնական շնորհանդես կազմակերպել սեպտեմբերի ավարտին, ուստի եթե դուք հետաքրքրված կլինեք միանալ, ապա կարող եք այցելել մեր տաղավար, թողնել ձեր կոնտակտային տվյալները, և մենք ձեզ սիրով կհրավիրենք այդ միջոցառմանը, որտեղ էլ կարող եք ձեռք բերել գիրքը և ձեռնարկը, եթե դուք տարրական դասարանի մանկավարժ եք։
Գրքի տոնավաճառի շրջանակում դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ մեր արժեքավոր ռեսուրսներին, իսկ մեր թիրախային խմբերը՝ հասարակական կազմակերպություններ, դպրոցներ, մանկավարժներ, լրագրողներ, նախադպրոցական ուսումնական հաստատություններ, կստանան դրանք (Կըտ-կըտ ճուտիկը», «Թվային պոչ», «Լինում է, չի լինում․․․ առցանց», «Իրավունք» խաղ) անվճար, եթե ներկայացնեն իրենց ուսումնական գործընթացում և աշխատանքային գործունեության ընթացքում դրանք կիրառելու պլան, որն իրականացնելուց հետո պատրաստ կլինեն մեզ հետ կիսվել արդյունքներով։
Անվճար տրամադրվող գրքերի քանակը խիստ սահմանափակ է։
Այցելեք մեր տաղավար, որտեղ ձեզ կսպասեն․
Գրքեր
- «Կըտ-կըտ ճուտիկը»
- «Թվային պոչ»
- «Լինում է, չի լինում․․․ առցանց»
- «Առցանց կենդանաբանական այգի»
- «Կիսատ թասակով թզուկը»
Սեղանի խաղեր
- Մեդիագիտակ
- Իրավունք
Ձեռնարկներ՝ մեդիագրագիտության, ապատեղեկատվության դեմ պայքարի, փաստերի ստուգման, սոցիալական ձեռներեցության ոլորտներում։
Մենք սպասում ենք ձեզ սեպտեմբերի 6-ին և 7-ին՝ Հանրապետության հրապարակում։ Բաց մի թողեք այս բացառիկ հնարավորությունը: Մեր տաղավարը հենց այն վայրն է, որտեղ դուք կարող եք գտնել ձեր հաջորդ ընթերցանության կամ նոր գաղափարների համար արժեքավոր ռեսուրսներ։
——————————
«Իրավունք» խաղի մասին
«Իրավունք» սեղանի ինտելեկտուալ խաղը ստեղծվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։
Խաղը նախատեսված է ինչպես ապագա իրավաբանների, այնպես էլ իրավական ոլորտը լուսաբանող լրագրողների, մանկավարժների ու իրավական ոլորտով հետաքրքրվող քաղաքացիների համար։
———————————
Փառատոնի նախաձեռնողը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է, իսկ գլխավոր հովանավորը՝ Երևանի քաղաքապետարանը։