Հանրային լրագրության ակումբը միացել է Մեդիագրագիտության տոնավաճառին
Հանրային լրագրության ակումբը միացել է Մեդիագրագիտության տոնավաճառին
- October 29, 2024
- Category: Նորություններ
Ուրախությամբ հայտնում ենք, որ Հանրային լրագրության ակումբը միացել է Հայաստանում մեդիագրագիտության շաբաթի շրջանակներում կազմակերպվող Մեդիագրագիտության մեծ տոնավաճառին։
Սիրով հրավիրում ենք ձեզ նոյեմբերի 4-ին, ժամը 14։00-ին, Քորթյարդ բայ Մարիոթ Երևան հյուրանոցի Բոլլրում սրահ (Տերյան 5)՝ծանոթանալու և ձեռք բերելու Հանրային լրագրության ակումբի կողմից թարգմանված և լույս ընծայված կրթական ռեսուրսներն ու խաղերը։
Իր երկարամյա գործունեության ընթացքում Հանրային լրագրության ակումբը հեղինակել և թարգմանել է մի շարք յուրօրինակ գրքեր, ձեռնարկներ, ուղեցույցներ, սեղանի կրթական խաղեր՝ մեդիագրագիտության, թվային անվտանգության, փաստերի ստուգման, սոցիալական ձեռներեցության, մարդու իրավունքների հետ կապված, որոնք նպատակ ունեն նպաստելու հանրության տարբեր խմբերի գիտելիքների և կարողությունների զարգացմանը։
ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 2024թ․ նոյեմբերի 4-10-ը հայտարարում են Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում։
Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթն անցկացվում է արդեն յոթերորդ տարին, այս տարի՝ «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրի ներքո։
Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավորությամբ անցկացվում է ամեն տարի աշնանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրների վրա։