Իսպանական Maldita-Ի Կողմից Վեբինարների Շարք Փաստերի Ստուգման եվ Ապատեղեկատվության Դեմ Պայքարի Վերաբերյալ
- March 22, 2022
- Category: Հայտարարություններ
Իսպանական MALDITA կազմակերպության փորձառու մասնագետները հայաստանցի լրագրողների ու ուսանողների համար վեբինարների շարք կվարեն։
-Եթե դուք լրագրող եք կամ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող,
-եթե ուզում եք բարելավել փաստերի ստուգման ու ապատեղեկատվության դեմ պայքարի ձեր հմտությունները,
-եթե ուզում եք հաղորդակցվել ու սովորել միջազգային փորձառու գործընկերներից,
ապա վեբինարների այս շարքը հենց ձեզ համար է։
Դուք այնքան միամիտ չեք, որ այս հնարավորությունը զիջեք մյուսներին, այնպես չէ՞։
Մասնակցության համար հարկավոր է լրացնել առցանց ձևաթուղթը։ ՀԼԱ-ն կապ կհաստատի գրանցված մասնակիցների հետ։
Վեբինարներն իրականացվելու են Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի շրջանակում՝ առցանց եղանակով՝ անգլերենով, որոնց ժամանակ ապահովվելու է համընթաց հայերեն թարգմանություն մասնակիցների համար։
Վեբինարներին հաջողությամբ մասնակցածները ստանալու են վերապատրաստումը հավաստող վկայականներ։
Վեբինարների անցկացման ժամանակացույցը և թեմաները՝
- Ապրիլի 11, 17:00 – «Ապատեղեկատվություն․ առկա իրավիճակը ներկայում և զարգացման միտումները միջազգային դաշտում» – Կլարա Խիմենես Կրուզ։
- Ապատեղեկատվությունը որպես գլոբալ խնդիր:
- Ապատեղեկատվություն և ժողովրդավարություն:
- Համաճարակ՝ ԻՆՖՈԴԵՄԻԱ:
- Ապատեղեկատվության դեմ պայքարի ապագան:
- Ապրիլի 13, 17:00 – «Ապատեղեկատվություն և օրենսդրություն. Գործող հարթակների դերն ու նշանակությունը» – Կարլոս Էրնանդես-Էչևարիա։
- Ապատեղեկատվության վերաբերյալ գործող եվրոպական օրենսդրությունը։
- Փաստերի ստուգմամբ զբաղվող կազմակերպությունների դերը։
- Մեծ հարթակներ՝ Facebook, Twitter, Tik-Tok։
- Ինչպես մոտենալ ապատեղեկատվության խնդրին։
- Ապրիլի 20, 17:00 – «Ի՞նչ են իրենցից ներկայացնում փաստերի ստուգման կազմակերպությունները և ինչպե՞ս են աշխատում» – Խիմենա Վիլգրան Բարիլաս։
- Ի՞նչ է իրենից ենթադրում փաստերի ստուգումը։
- IFCN-ի մասին։
- Փաստերի ստուգման մեթոդաբանություններ։
- Ինչպե՞ս և որտե՞ղ ենք հրապարակում մեր կողմից ստուգած փաստերը։
- Ապրիլի 22, 17:00 – «Ապատեղեկատվության խորքային ուսուցում» – Ստեֆան Մ. Գրոս Լենուար։
- Ապատեղեկատվության տարատեսակները։
- Ապատեղեկատվություն տարածողների շարժառիթները։
- Գործիքներ և տեխնիկա, որոնք օգտագործվում են ապատեղեկատվությունը տարածողների կողմից։
- Ապատեղեկատվությունը հայտնաբերելու ձևաչափերը և դրանց հրապարակման լավագույն փորձը։
- Ապրիլի 25, 17:00 – «Ապատեղեկատվության նույնականացման և տեղեկությունների ճշգրտման գործիքներ» – Ստեֆան Մ. Գրոս Լենուար։
- Լուսանկարների և տեսանյութերի ստուգում։
- Գեոտվյալների և քարտեզների կիրառում։
- Համացանցային խորացված որոնում։
- Համացանցում արխիվացված տվյալների հետ աշխատանք։
- 6 – April 27, 17:00 – «Ապատեղեկատվության նույնականացման և տեղեկությունների ճշգրտման գործիքներ․ օրինակներ և առաջադրանքներ» – Ստեֆան Մ. Գրոս Լենուար։
- Կոնկրետ դեպքերի ուսումնասիրություն՝ քայլ առ քայլ սկզբունքով։
- Գործնական առաջադրանքների կատարում։
- Վեբինարների շարքի ամփոփում և գնահատում։
MALDITA-ի մասին՝
«Maldita.es»-ը շահույթ չհետապնդող հիմնադրամ և առցանց պարբերական է, որը պայքարում է ապատեղեկատվության դեմ և նպաստում է թափանցիկությանը՝ փաստերի ստուգման և տվյալների լրագրության տեխնիկայի կիրառման միջոցով: Կազմակերպության հիմնական առաքելությունն է քաղաքացիներին տրամադրել գործիքներ, տեխնոլոգիաներ և տեղեկատվություն, որպեսզի նրանք կարողանան տեղեկացված կերպով կայացնել որոշումներ: «Maldita.es»-ը ստորագրել միացել է Փաստերի ստուգման միջազգային ցանցի սկզբունքներին և ներկայումս ղեկավարում է Եվրոպական նախագիծ, որի նպատակն է տարածաշրջանում փաստերի ստուգման չափանիշների ստեղծումը:
«Maldita.es»-ի մեդիագրագիտությանը նվիրված կրթական ծրագրի (Maldita Educa) միջոցով ամեն տարի իրականացվում է ավելի քան 200 դասընթաց, սեմինար և վերապատրաստում դպրոցներում, համալսարաններում, պետական հաստատություններում, հասարակական կազմակերպություններում և մասնավոր ընկերություններում։
Կազմակերպությունն աշխատում և համագործակցում է աշխարհի առաջատար երկրների և աշխարհի լավագույն համալսարանների հետ՝ խթանելով լրագրողների կարողությունների զարգացմանն ու փաստերի ստուգման ոլորտում կառույցների խթանմանն ու ցանցերի ստեղծմանը։
Փորձագետների մասին՝
Կլարա Խիմենես Կրուզ
Կլարան ունի հեռուստատեսությունում, ռադիոյում և առցանց պարբերականներում որպես լրագրող աշխատելու ավելի քան 11 տարվա փորձ։ Նա իր մասնագիտական կարիերայի մեծ մասն անցկացրել է «laSexta»-ում (ազգային հեռուստաընկերություն) և հանդիսանում է Իսպանիայում փաստերի ստուգման ազգային առաջին առցանց պարբերականի՝ «Մալդիտա»-ի համահիմնադիրը։ Ապատեղեկատվության ուղղությամբ իր մեծ փորձի շնորհիվ նա եղել է ազգային և միջազգային ավելի քան 20 կոնֆերանսի խոսնակ, ներառյալ ապատեղեկատվության վերաբերյալ իր ելույթը «TED»-ում և BBC-ում։ Նա ունի դասընթացների, դասախոսությունների և սեմինարների անցկացման փորձառություն փաստերի ստուգման և թվային լրագրության վերաբերյալ: Եվրոպական հանձնաժողովի կողմից նա նշանակվել է ապատեղեկատվության դեմ բարձր մակարդակի խմբի ներկայացուցիչ և հանդիսանում է Փաստերի ստուգման միջազգային ցանցի խորհրդատվական խորհրդի անդամ:
Կարլոս Էրնանդես-Էչևարիա
Կարլոսը լրագրության բակալավրի կոչում է ստացել Սան Պաբլոյի համալսարանում և ընտրությունների և քարոզարշավի կառավարման ոլորտում մագիստրոսի կոչում՝ Նյու Յորքի Ֆորդհեմ համալսարանում, որտեղ եղել է Ֆուլբրայթի գիտաշխատող։ Նյու Յորքում աշխատել է որպես ֆրիլանս լրագրող մի քանի տպագիր և հեռուստատեսային լրատվամիջոցներում, որոնք լուսաբանում էին ԱՄՆ քաղաքականությունը և Միավորված ազգերի կազմակերպության գործունեությունը։ Նա 15 տարի աշխատել է հեռուստատեսային լրատվական ծրագրերում և կանոնավոր կերպով թղթակցել է մի շարք ազգային լրատվամիջոցների: Նա նաև դասավանդել է լրագրություն և հաղորդակցություն տեղական և միջազգային համալսարանների ամառային դասընթացներում:
Խիմենա Վիլգրան Բարիլաս
Խիմենան գվատեմալացի լրագրող է, ով մասնագիտացած է հետաքննական լրագրության և տվյալների ոլորտում և լրատվամիջոցների կառավարման և ֆինանսավորման ուղղությամբ առաջատար փորձագետ է: Նա համագործակցել է մի շարք լրատվամիջոցների հետ և եղել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Տվյալների և Ժուռնալիստիկայի միջազգային կենտրոնի կրթաթոշակառու, որտեղ մասնագիտացել է լրագրողական ձեռներեցության մեջ: Նա նաև աշխատել է որպես տվյալների գծով խորհրդատու և պրոֆեսոր տվյալների լրագրության և տեղեկատվության հասանելիության ոլորտում, մասնավորապես, Ինտերնյուզի և Թոմսն հիմնադրամի համար: Մի շարք համալսարաններում նա դասավանդել է տվյալների լրագրություն, թափանցիկություն և նախագծերի կառավարում: Նա եղել է ElIntercambio-ի գործադիր տնօրենը, որը տրանսմեդիա տվյալների լրագրության արտադրության ընկերություն է հիմնված Կենտրոնական Ամերիկայում:
Ստեֆան Մ. Գրոս Լենուար
Ստեֆանը կինոռեժիսոր և հասարակական ակտիվիստ է։ Բեռլինում գտնվելու ընթացքում նա աշխատել է որպես Իսպանիայի ազգային հեռուստատեսության (TVE) թղթակից։ Սոցիալական և քաղաքական թեմաներով տասնյակ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր և պրոդյուսեր է։ Ունի թվային տնտեսության և ստեղծարար արդյունաբերության մագիստրոսի կոչում։ Իսպանիայում տեղեկատվության ազատության պաշտպանության հարթակի հիմնադիր և խորհրդի անդամ է, համագործակցել է բելգիական «Associated Whistleblowing Press» ՀԿ-ի հետ: Բացի ապատեղեկատվութան ոլորտի փորձառությունից, նա ունի դասավանդման փորձ կիբերանվտանգության, թվային ակտիվիզմի, ինտերնետի դարաշրջանում հաղորդակցության, վավերագրական ֆիլմերի արտադրության և մշակութային կառավարման ոլորտներում: Նա պարբերաբար դասավանդում է այնպիսի համալսարաններում, ինչպիսիք են «Կարլոս III»-ը և «Ռեյ Խուան Կարլոս»-ը Մադրիդում, ինչպես նաև այլ ուսումնական հաստատություններում և պարբերաբար մասնակցում է մասնագիտացված ազգային և միջազգային գիտաժողովների:
—————————
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՀԼԱ աշխատակից Լիլիթ Այվազյանի հետ՝ [email protected] էլ․ փոստի միջոցով։
«Մեդիա կենտրոն» ծրագիրն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ։
#MediaLiteracy #FactChecking #Youth #Students #Journalism #Disinformation #Misinformation #FightFake #AgainstDisinformation
#pjcarmenia #maldita #osfarmenia