Կբարելավվի՞ բարեվարքությունը իրավապահ համակարգում նոր նախագծով
Կբարելավվի՞ բարեվարքությունը իրավապահ համակարգում նոր նախագծով
- December 4, 2024
- Category: Նորություններ
«Բարեվարքության ուսումնասիրության գործընթացը, եթե չասեմ թափանցիկ չէ, շատ մեղմ կլինի։ Եզրակացությունները հրապարակային չեն, և հանրությունը տեղեկացված չէ, թե կոնկրետ գործառույթի շրջանակներում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թեկնածուների վերաբերյալ ինչ եզրակացություն է ներկայացնում»- «Ա1+»-ի ուղիղ եթերում Հանրային լրագրության ակումբի կազմակերպած քննարկման քննարկման ժամանակ ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) Բարեվարքության ուսումնասիրությունների վարչության պետ Մարիաննա Բաղինյանը։
ՀՀ Աարդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Դատական օրենսգրքում և հարակից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատար
ելու մասին նախագծերի փաթեթ, որի համաձայն՝ պետք է հրապարակային դարձնել դատավորների, դատախազների և քննիչների թեկնածուների ընտրության, նշանակման և առաջխաղացման գործընթացներում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ եզրակացության միայն եզրափակիչ մասը։
Քննարկմանը մասնակցում էր նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ նման նախագծի ներկայացումը եղել է իրենց պահանջը։ «Նախ, պատկերացում կունենանք, թե ԿԿՀ-ի կողմից թեկնածուների կամ առաջխաղացման դեպքում գործող պաշտոնյաների բարեվարքության ստուգումը որքան օբյեկտիվ է եղել, և երկրորդը՝ ԿԿՀ-ի այդ եզրակացությունն ինչքանով է հաշվի առնում պաշտոնին նշանակողը։ Ցավոք սրտի, այդ եզրակացությունները պարտադիր նշանակություն չունեն, ընդամենը խորհրդատվական նշանակություն ունեն»,- ասաց Արթուր Սաքունցը։
Մարիաննա Բաղինյանն էլ հիշեց, որ քիչ չեն եղել դեպքեր, երբ ԿԿՀ-ի ներկայացրած բացասական եզրակացությունից հետո թեկնածուին նշանակել են նախատեսված պաշտոնին։ «ԿԿՀ-ն 2020թ․ 36 եզրակացություն է տրվել, որից բացասական է եղել երեքը։ Այդ երեքից մեկը նշանակվել է այն պաշտոնին, որի համար ներկայացվել է։ 2021թ․ 9-ը բացասական եզրակացություններից 2-ը նշանակվել են համապատասխան պաշտոնների։ 2023թ․ ուսումնասիրություններից բացասական եզրակացություն է տվել 64 թեկնածուի, որից 10-ը նշանակվել են համապատասխան պաշտոններում։ 2023թ․ 63 բացասականներից չորսն են նշանակվել»,- թվարկեց նա։
«Թեկուզ մեկ բացասական նշանակումը լուրջ խնդիր է»,- նշեց Արթուր Սաքունցը։
Քննարկումն անցկացվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը։