Հայտարարություններ

Մարզային ՔՀԿ-ների՝ ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստերի ստուգման կարողությունների զարգացման երկօրյա դասընթացի առաջին փուլ

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), «ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ, հայտարարում է ՔՀԿ-ների կարողությունների զարգացման երկօրյա դասընթացի առաջին փուլի հայտադիմումների ընդունելություն։

Ո՞վքեր կարող են մասնակցել այս դասընթացին

  • Դասընթացին կարող են մասնակցել ՀՀ 4 մարզերում (Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Արագածոտն) գրանցված և գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները և շահույթ չհետապնդող/ոչ կառավարական այլ կազմակերպություններ։
  • Խրախուսվում է ՔՀԿ հաղորդակցությամբ, հանրային կապերով և ծրագրային կառավարմամբ զբաղվող ներկայացուցիչների անունից դիմումների ներկայացումը։
  • Անհատները, կամավորները և կազմակերպություններում ոչ ինստիտուցիոնալ ներգրավվածություն ունեցող ներկայացուցիչները (կարճաժամկետ) չեն կարող մասնակցել այս դասընթացին։

Ինչպե՞ս մասնակցել դասընթացին

Կարողությունների զարգացման դասընթացին մասնակցելու համար հարկավոր է՝

  • Լրացնել առցանց ձևաթուղթը,
  • [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել դիմորդի ինքնակենսագրականը (նամակի թեմա դաշտում պարտադիր է նշելը՝ «Մարզային ՔՀԿ-ներն ընդդեմ ապատեղեկատվության – կազմակերպության անվանումը»):

Որո՞նք են ընտրության չափորոշիչները

Դասընթացի համար ստացված հայտերը դիտարկվելու են անկախ հանձնաժողովի կողմից` հետևյալ չափորոշիչներին համապատասխան․

  • Դիմորդ կազմակերպության առնչությունը տեղեկատվական գործընթացներին։
  • Որքանո՞վ է կազմակերպության համար կարևոր այս ուղղությամբ կարողությունների զարգացումը։
  • Ինչպե՞ս է դիմորդ կազմակերպությունն օգտագործելու իր ստացած գիտելիքներն ու կարողությունները կազմակերպության գործունեությունում։
  • Դիմորդի ինքնակենսագրականը։

Դասընթացի հայտարարության ժամկետները

  • Դասընթացին դիմելու վերջնաժամկետ՝ 2022 թ մարտի 3
  • Դասընթացի դիմորդների դիտարկման վերջնաժամկետ՝ 2022 թ մարտի 4
  • Դիմորդներին արդյունքների ծանուցման վերջնաժամկետ՝ 2022 թ մարտի 7
  • Դասընթացի անցկացման օրեր՝ 2022 թ մարտի 10-11

ՀԼԱ-ն ապահովում է ընտրված դիմորդների ճանապարհածախսի, կեցության, սննդի ծախսերը։

Թերի, ոչ հայատառ լրացված հայտի և/կամ ոչ ամբողջական ներկայացված փաստաթղթերի դեպքում դիմորդի հայտը չի դիտարկվելու մրցույթում։

Հարցերի դեպքում կարող եք գրել ՀԼԱ հաղորդակցության և ծրագրերի համակարգող  Հասմիկ Փայտյանին՝ [email protected] էլ․ փոստի հասցեի միջոցով։

————————————————

Հանրային լրագրության ակումբը երկար տարիներ աշխատում է ապատեղեկատվության դեմ պայքարի գործընթացում և իրականացրել է տեղական ու միջազգային բազմաթիվ նախագծեր՝ հասարակության (երիտասարդներ, մեծահասակներ, նախակրթական հաստատություններ, ՔՀԿ-ներ և այլն) շրջանում մեդիագրագիտության, քննադատական մտածողության և փաստերի ստուգման ու տեղեկությունների ճշգրտման ուղղությամբ կարողությունների զարգացման համար։

Մեր օրերում ապատեղեկատվության նույնականացումը գնալով բարդանում է, ի հայտ են գալիս նոր հարթակներ, ստեղծվում են նոր գործիքներ, օրեցօր զարգանում են տեխնոլոգիաները, որոնք որքանով խթանում են տեղեկատվության շրջանառմանը, նույն չափով նաև պարարտ հող են ստեղծում մանիպուլյացիաների, կեղծ լուրերի և ապատեղեկատվության տարածման համար։ Շատ հաճախ կեղծ լուրերի թիրախում են հայտնվում ՔՀԿ-ներ, որոնք գործունեություն են իրականացնում համայնքային զարգացման, մարդու իրավունքների, ժողովրդավարության և բազմաթիվ այլ ոլորտներում։

Հասարակության տարբեր խմբերի մոտ կեղծ լուրերի նույնականացումը բարդ գործընթաց է, որին մշտապես աջակցում է ՀԼԱ-ն։ Այս անգամ ՀԼԱ-ն կազմակերպում է կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց մարզային ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար։

Այս նախագիծը կստեղծի ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ վերապատրաստված ՔՀԿ-ների ցանց, որոնց հետ հնարավոր է հետագա համագործակցություն այլ նախագծերի շրջանակներում։

* Այս միջոցառումն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ իրականացվող «ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։

#PowerUp #FightFake #DetectManipulation #PowerUpCSOs

 

 



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend