Հայտարարություններ

Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատորի 1-ին դասընթացի ընդունելություն

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հայտարարում է Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատորի առաջին՝ 2022 թ-ի դասընթացի դիմորդների ընդունելություն։

Այս բացառիկ և անվճար դասընթացն անց են կացնելու իսպանական Մալդիտա` փաստերի ստուգման ուղղությամբ մասնագիտացած ընկերության ու հայաստանցի փորձառու մասնագետներ։

Դասընթացին կարող են դիմել Երևանի և մարզերի լրագրողներ, մեդիա աշխատակիցներ, լրագրության ֆակուլտետների ուսանողներ։

Աքսելերատորն առցանց/անցանց (online/offline) նորարարական կրթական միջավայր է, որտեղ կարճ ժամանակահատվածում, վերապատրաստումների միջոցով մասնակիցներին տրվում է անհրաժեշտ հմտությունների, գիտելիքների և փորձի ձեռքբերման, կարողությունների զարգացման ու դրանց կիրառման հնարավորություն։

Մեդիա և տեղեկատվական գրագիտության (ՄՏԳ) աքսելերատորը մարզային և երևանյան մեդիա աշխատողների՝ լրագրողների, խմբագիրների, ֆոտոլրագրողների, ուսանող լրագրողների համար մեկնարկած շարունակական կրթության հարթակ է, որի արդյունքում լավագույն շրջանավարտները հնարավորություն կունենան իրականացնել անհատական  նախագծեր՝ ստանալով դրամաշնորհներ։

Աքսելերատորի նպատակն է զարգացնել մասնակիցների կարողությունները մեդիագրագիտության, փաստերի ստուգման, ապատեղեկատվության բացահայտման գործում, բարելավել Հայաստանի, հատկապես՝ մարզերում գործող մեդիա ոլորտի ներկայացուցիչների և հանրության թվային, ինչպես նաև տվյալների անվտանգության վերաբերյալ հմտությունները:

Դասընթացի շրջանակում մեր գործընկերներն Իսպանիայից և Հայաստանից կկիսեն իրենց փորձն ընտրված 12 մասնակիցների հետ՝ հետևյալ թեմաներով․

  1. մեդիա և տեղեկատվական գրագիտություն,
  2. փաստերի ստուգում և տեղեկությունների ճշգրտում,
  3. ապատեղեկատվության նույնականացում,
  4. ապատեղեկատվության և մեդիա մանիպուլյացիաների դեմ պայքար,
  5. քննադատական մտածողություն,
  6. բաց աղբյուրների տվյալներ,
  7. տեղեկատվության ազատություն,
  8. թվային և առցանց անվտանգություն,
  9. անձնական տվյալների պաշտպանություն,
  10. հաղորդակցություն և էլեկտրոնային հաղորդակցության գործիքներ։

Դասընթացի մանրամասներ

Աքսելերատորի  2022 թ-ի դասընթացի տևողությունը երկու ամիս է, որի ընթացքում անցկացվելու է 8 վեբինար՝ իսպանացի և 2 սեմինար՝ հայաստանյան փորձագետների կողմից։ Առաջին դասընթացն անցկացվելու է ս․թ․ սեպտեմբեր-նոյեմբերին։

Դասընթացի աշխատանքային լեզուն անգլերենն ու հայերենն է՝ համաժամանակյա  թարգմանությամբ։ ՀԼԱ-ն կապահովի սեմինարների բոլոր մասնակիցների ճանապարհածախսը և սնունդը։

Նվազագույնը 75% ակտիվ մասնակցություն ցուցաբերած և գործնական առաջադրանքները կատարած մասնակիցներին շնորհվելու է ՄՏԳ աքսելերատորի ավարտական վկայական։

Դիմելու կարգը

Հետաքրքրված անձինք պետք է․

  1. Լրացնեն աքսելերատորի դասընթացին մասնակցելու առցանց հայտը։
  2. Հայտում կցեն իրենց ինքնակենսագրականը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս․թ․ օգոստոսի 15-ն է։ Դասընթացի և ծրագրի մասին մանրամասներ իմանալու համար կարող եք կապ հաստատել ՀԼԱ ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանի հետ՝ [email protected] էլ․ փոստի միջոցով։ Նամակի թեմա դաշտում հարկավոր է նշել՝ «MILA_Accelerator_Q&A»:

Ոչ ամբողջական, մաս-մաս ուղարկված, ոչ հայատառ լրացված հայտերը չեն դիտարկվելու։

Միայն ընտրության առաջին փուլ անցած դիմորդները կծանուցվեն արդյունքների մասին՝ հայտարարության վերջնաժամկետին հաջորդող 1 ամսվա ընթացքում։

Մալդիտայի մասին

«Maldita.es»-ը շահույթ չհետապնդող հիմնադրամ և առցանց պարբերական է, որը պայքարում է ապատեղեկատվության դեմ և նպաստում թափանցիկությանը՝ փաստերի ստուգման և տվյալների լրագրության տեխնիկայի կիրառման միջոցով: Կազմակերպության հիմնական առաքելությունն է քաղաքացիներին տրամադրել գործիքներ, տեխնոլոգիաներ և տեղեկություն, որպեսզի նրանք կարողանան իրազեկված կերպով կայացնել որոշումներ: «Maldita.es»-ը միացել է Փաստերի ստուգման միջազգային ցանցի սկզբունքներին և ներկայում ղեկավարում է եվրոպական նախագիծ, որի նպատակն է տարածաշրջանում փաստերի ստուգման չափանիշների ստեղծումը:

«Maldita.es»-ի՝ մեդիագրագիտությանը նվիրված կրթական ծրագրի (Maldita Educa) միջոցով ամեն տարի իրականացվում է ավելի քան 200 դասընթաց, սեմինար և վերապատրաստում դպրոցներում, համալսարաններում, պետական հաստատություններում, հասարակական կազմակերպություններում և մասնավոր ընկերություններում։

Կազմակերպությունն աշխատում և համագործակցում է աշխարհի առաջատար երկրների լավագույն համալսարանների հետ՝ խթանելով լրագրողների կարողությունների զարգացմանը, փաստերի ստուգման ոլորտում կառույցների զարգացմանն ու ցանցերի ստեղծմանը։

Ծրագրի նկարագրություն

Դասընթացն անցկացվում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում ապատեղեկատվությանը դիմացկուն հասարակության ստեղծմանը՝ քաղհասարակության, մեդիայի կարողությունների զարգացման, հանրային, մասնավոր և պետական ոլորտների միջև կայուն համագործակցության միջոցով, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագրի մանրամասները հասանելի են այստեղ։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend