Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիայի 3-րդ փուլի ընդունելություն

Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիայի 3-րդ փուլի ընդունելություն

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հայտարարում է «Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիա» կրթական ծրագրի երրորդ փուլի ընդունելություն։ Վերապատրաստման ծրագիրը ներառում է կարողությունների զարգացման դասընթացներ և անհատական նախագծերի վրա աշխատելու հնարավորություն։

Բացառիկ և անվճար դասընթացը տևելու է երեք օր։

Այն անց են կացնելու ռազմավարական հաղորդակցության հեղինակավոր փորձագետներ Դալյա Բանկաուսկայտեն՝ Լիտվայից և Հայկ Աբրահամյանը՝ Հայաստանից։

Ովքե՞ր կարող են դիմել

Դասընթացին կարող են դիմել Երևանում և ՀՀ մարզերում գրանցված և գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և շահույթ չհետապնդող/ոչ կառավարական այլ կազմակերպությունների հաղորդակցությամբ, հանրային կապերով և ծրագրային կառավարմամբ զբաղվող ներկայացուցիչներ, ինչպես նաև Լրագրության, Հաղորդակցության, Հանրային կապերի ֆակուլտետների մագիստրատուրայում սովորող ուսանողներ։ Վերջիններս պետք է ներգրավված լինեն քաղհասարակության որևէ կառույցի կողմից իրականացվող ծրագրում։

Դասընթացի արդյունքում լավագույն շրջանավարտները հնարավորություն կունենան իրականացնել անհատական  նախագծեր՝ ներկայացնելով իրենց կազմակերպությունների կամ որևէ ծրագրի հաղորդակցության ռազմավարություն և գործողությունների պլան՝ ստանալով դրամաշնորհներ։

Դասընթացի թեմաները

1. Ռազմավարական հաղորդակցության ներածություն․ քայլ առ քայլ ուսուցում

  • Կազմակերպության/ծրագրերի նպատակների սահմանում
  • Թիրախային լսարանի ընտրություն և ուսումնասիրություն
  • Հաղորդակցության նպատակների սահմանում
  • Ուղերձների ձևակերպում
  • Հաղորդակցության գործիքների և ալիքների ընտրություն
  • Հաղորդակցության գնահատման ցուցիչների սահմանում
  • Հաղորդակցության գործողությունների պլանի մշակում

2. Ռազմավարական հաղորդակցության գործիքներ (Պատմույթների ներկայացում, Սոցիալական մեդիա ռազմավարություն, Ռեակտիվ/արձագանքող սոցիալական մեդիա, Լսարանի ձևավորում և ներգրավում և այլն)

Ժամկետներ

Դասընթացն անցկացվելու է Երևանում՝ հոկտեմբերի 10-12-ին։

Հոկտեմբերի 14-21-ն ընկած ժամանակահատվածում պետք է մշակվեն և ներկայացվեն անհատական նախագծերը։

Երևանում տեղի կունենա մեկօրյա սեմինար՝ անհատական նախագծերի իրականացման վերաբերյալ խորհրդատվություն ստանալու, գործողությունների պլանը և դրանց իրականացման տեխնիկական ու բովանդակային առանձնահատկությունները քննարկելու նպատակով։ Սեմինարի անցկացման օրը հստակեցման փուլում է։

Հոկտեմբերի 28-ից դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում պետք է իրականացվեն անհատական նախագծերը, ներկայացվեն ամփոփիչ հաշվետվությունները։ Անհատական նախագծերի մրցույթի արդյունքում ընտրված երկու հաղթող մասնակիցները կստանան դրամաշնորհներ։

Դասընթացին դիմելու կարգը

Հետաքրքրված անձինք պետք է

  1. Լրացնեն դասընթացին մասնակցելու առցանց հայտը։
  2. Հայտին կցեն իրենց ինքնակենսագրականը/CV:
  3. Ներկայացնեն իրենց կազմակերպության մասին ամփոփ տեղեկություն։

Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է։ Դասընթացի հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Հանրային լրագրության ակումբի Հաղորդակցության և ծրագրերի համակարգող Հասմիկ Փայտյանի հետ՝ գրելով [email protected] էլ․ փոստի հասցեին (նամակի թեմայի դաշտում հարկավոր է նշել՝ «StratComm. Lab_Q&A»):

Դասընթացի աշխատանքային լեզուն անգլերենն ու հայերենն է՝ համաժամանակյա  թարգմանությամբ։ ՀԼԱ-ն կապահովի մարզերի մասնակիցների ճանապարհի և կեցության ծախսերը։

 

Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիայի մասին

Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիան նորարարական կրթական միջավայր է,  որի միջոցով մասնակիցներին տրվում է անհրաժեշտ հմտությունների, գիտելիքների և փորձի ձեռքբերման, կարողությունների զարգացման ու դրանց կիրառման հնարավորություն։

Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիան  հնարավորություն կտա ձեռք բերել ռազմավարական հաղորդակցության տեսական  և կիրառական գիտելիքներ, փորձառու մասնագետների օգնությամբ և խորհրդատվությամբ ծանոթանալ ռազմավարական հաղորդակցության մշակման, դրա իրականացման հմտություններին, ուսումնասիրել միջազգային և հայաստանյան լավագույն փորձը։ Լաբորատորիայի շրջանավարտները, այս բացառիկ հնարավորությունն արդյունավետ օգտագործելով, կդառնան պահանջված մասնագետներ՝ նոր որակի բարձրացնելով իրենց մասնագիտական հմտությունները։

 

Ծրագրի նկարագրություն

Դասընթացն անցկացվում է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի  առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

 

Լրացուցիչ մանրամասներ

Հավելված 1_Անհատական նախագծերի մասին

Հավելված 2_Անհատական նախագծերի ներկայացման ձևանմուշ



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend