Ռազմավարական հաղորդակցության վերաբերյալ անվճար տեսադասախոսություններ՝ EduMedu.am-ում
- May 10, 2024
- Category: Նորություններ
Հանրային լրագրության ակումբը ներկայացնում է ռազմավարական հաղորդակցության վերաբերյալ երկու անվճար տեսադասախոսություն, որոնք հասանելի են EduMedu.am հարթակում։
Ինչպե՞ս գտնել ձեզ անհրաժեշտ թիրախային խումբը և հասկանալ նրան, ինչպե՞ս իրականացնել հանրային արշավներ՝ սոցիալական խնդիրներ լուծելու նպատակով․ այս և այլ հարցերի պատասխաններ կգտնեք «Ռազմավարական հաղորդակցություն» և «Հանրային արշավներ» տեսադասախոսությունների միջոցով։
Դասախոսություններն օգնում են զարգացնելու հմտություններ, որոնք անհրաժեշտ են հստակ նպատակներ ու արժեքներ ձևակերպելու, արժեքահեն ուղերձներ և պատմություններ մշակելու, հաղորդակցության այլընտրանքային գործքիներին ծանոթանալու համար:
Ռազմավարական և ճգնաժամային հաղորդակցության փորձագետ Նարինե Եգանյանը, որը «Ռազմավարական հաղորդակցություն» դասախոսության հեղինակներից է, ընդգծում է հայերենով նման բովանդակության կարևորությունը․
«Հաղորդակցությունը, հատկապես՝ ռազմավարական հաղորդակցությունը, համեմատաբար երիտասարդ գիտակարգ է, ինչի պատճառով հայալեզու որակյալ բովանդակությունը շատ քիչ է։ Այս դասընթացը լավ հնարավորություն է ստանալու գիտելիքներ, որոնք կիրառելի են և գործող մասնագետների, և ոլորտը ուսումնասիրող ուսանողների համար»,- ասում է նա։
Նույն դասախոսության, ինչպես նաև «Հանրային արշավներ»-ի հեղինակ, ռազմավարական հաղորդակցության մասնագետ Հայկ Աբրահամյանն էլ նշում է, որ հանրության և քաղհասարակության միջև հաղորդակցության խզվածք կա․
«Այս դասախոսությունների շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն անհրաժեշտ հմտություններն ու գործիքները, որոնց շնորհիվ կկարողանան հանրության հետ իրենց արձագանքող և միակողմանի հաղորդակցությունը փոխակերպել իրական ներգրավվածության»։
Ի դեպ, հարկ է նշել, որ յուրքանչյուր դասախոսության կցված է համապատասխան հարցաշար, որը լրացնելու դեպքում կստանաք էլեկտրոնային հավաստագիր։
Տեսադասախոսությունները ստեղծվել են «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։