Վարչապետի մակարդակով հարցին անդրադառնալը խոստովանություն է, որ գործընթացը ձախողել են

Վարչապետի մակարդակով հարցին անդրադառնալը խոստովանություն է, որ գործընթացը ձախողել են

«Վարչապետի մակարդակով այդ հարցին անդրադառնալը խոստովանություն է, որ բարեփոխումը ձախողվել է։ Այդ դեպքում ովքե՞ր են պատասխանատուները»,- դատական համակարգում կատարված բարեփոխումների վերաբերյալ քննարկման ժամանակ, անդրադառնալով դատական համակարգում ակնկալվող բարեփոխումներին, հարց բարձրացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Քննարկումը կազմակերպվել էր «Ա1+»-ի տաղավարում՝ «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում։

Անդրադառնալով կարգապահական վարույթներին՝ Արթուր Սաքունցը մտահոգություն հայտնեց, որ կորպորատիվ շահերը կարող են պատճառ դառնալ, որ դատավորները պաշտպանեն իրենց գործընկերների շահերն ու նրանց նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների ժամանակ ձեռնպահ մնան։ «Պետք է կառուցվածքային փոփոխություն լինի։ Պետության քաղաքականության հիմքում ամենակարևոր մեխանիզմը պետք է լինի ոչ թե պատժողական, այլ կանխարգելող քաղաքականությունը։ Իսկ եթե կատարված քայլերն արդյունք չեն տալիս, ուրեմն բարեփոխումների քաղաքականությունը ձախողվել է։ Եվ մենք փաստ ենք արձանագրում, որ դատական համակարգի նկատմամբ հանրային վստահություն չկա»,- ասաց Արթուր Սաքունցը։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ղեկավար Արաքս Մելքոնյանն էլ հավելեց, որ անգամ Հակակոռուպցիոն դատարանում են բացասական բարեվարքությամբ դատավորներ  ընտրվում։ «Մինչդեռ Հակակոռուպցիոն դատարանում պետք է ամենաբարեվարք դատավորներն ընտրվեն։ Ընտրվում էին քաղաքական կուսակցության և կառավարող կուսակցության անդամներ։ Չեմ ասում, թե նրանք անբարեվարք են, բայց քաղաքական կուսակցության հետ ունեցած նրանց կապերն առնվազն հարցեր են առաջացնում հենց դատական իշխանության անկախության համատեքստում»,- նշել է Արաքս Մելքոնյանը։

ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը, անդրադառնալով Արթուր Սաքունցի և Արաքս Մելքոնյանի քննադատություններին, նշեց, որ Հայաստանում դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու համար բազում քայլեր են արվել՝ էլեկտրոնային արդարադատության ներդրում, դատավորների աշխատավարձերի բարձրացում, դատավորների նշանակման նոր կարգի ստեղծում և այլն։ «Եթե առաջարկներ կան, կարող եք ներկայացնել»,- հավելեց նա։

«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագիրն իրականացվում է «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են «Հանրային լրագրության ակումբը», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend