Վերջնաժամկետը երկարաձգվել է․ Hack2Check հեքըթոնի մասնակցության հրավեր
- May 1, 2024
- Category: Հայտարարություններ
Առցանց հայտը լրացնելու վերջնաժամկետ․ մայիսի 19, ժամը 23։59
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հայտարարում է մեդիա և տեղեկատվական գրագիտությանն ուղղված նոր հեքըթոնի մասին։
Սիրելի հեքըրներ, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ․ լրագրողներ, մեդիագրագիտության փորձագետներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ․ ստարտափերներ, ՏՏ անվտանգության մասնագետներ, ծրագրավորողներ, կրթության ոլորտի մեդիագրագիտության ուղղությամբ մասնագիտացած ներկայացուցիչներ, այս մրցույթը ձե՛զ համար է։
Մեծ ուրախությամբ հայտնում ենք ձեզ, որ 2024 թ․ մայիսի 25-26-ին (մեկնարկ՝ մայիսի 25, 10։00, ավարտ՝ մայիսի 26, 18։00) տեղի է ունենալու «Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն 2024» մրցույթը՝ փաստերի ստուգման, թվային անվտանգության և մեդիագրագիտության կարողությունների զարգացմանն ուղղված տեխնոլոգիական լուծումներով նախագծերի համար։
Հեքըթոնի լավագույն 3 գաղափարների հեղինակներին շնորհվելու է ընդհանուր 13,200 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` դրանք իրականացնելու համար։
Վայր
Հեքըթոնն անցկացվելու է ՀԲԸՄ գրասենյակում (Երևան, Մելիք-Ադամյան 2/2)։ Թիմերը տարածքում կարող են աշխատել 24 ժամ։ Միջոցառման ընթացքում ապահովվելու է մասնակիցների սնունդը։ Մանրամասները կներկայացվեն տեղեկատվական հանդիպումների ժամանակ։
Ի՞նչ կարող ես անել դու․
Առաջարկել տեխնոլոգիական լուծումներով այնպիսի գաղափար, որը կօգնի նպաստել մեդիա և տեղեկատվական գրագիտությանը ստորև թվարկված ոլորտներում՝ նպաստելով թիրախ խմբերի վարքագծային փոփոխությանը․
- Կրթական ոլորտ․ նախակրթական և հանրակրթական,
- Ապատեղեկատվության, քարոզչության նույնականացում և դրանց դեմ պայքար,
- Թվային անվտանգության և ապահով առցանց միջավայրի մարտահրավերներ։
Նախքան մասնակցության հայտը լրացնելը, խնդրում ենք մանրամասն ծանոթանալ հեքըթոնի Տեխնիկական առաջադրանքին, որը կօգնի պատկերացում կազմել, թե ինչ խնդիրներ պետք է լուծեն առաջարկվող նախագծերը, որոնք են թիրախային խմբերը, ինչպիսի թվային լուծումներն են խրախուսվելու, ինչ ուղղություններ ունի այս համատեքստում միջազգային փորձը։ Փաստաթղթում ներկայացված են նաև հեքըթոնի դիմորդների ընտրության չափանիշները։
Տեխնիկական առաջադրանքը մշակվել է փորձագիտական ուսումնասիրության և քննարկումների հիման վրա, որին մասնակցել են հայաստանյան առաջատար մասնագետներ։
Տեխնիկական առաջադրանք – Hack2Check Հեքըթոն 2024 – ՀԼԱ
Դիմորդները կարող են առաջնորդվել, սակայն չսահմանափակվել փաստաթղթում ներկայացված դրույթներով։
Հեքըթոնին կարող են դիմել 18 տարեկանից բարձր անձինք։
Հեքըթոնն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ (ՀԲԸՄ)։
Այս նախաձեռնությանը միացել են նաև մեր գործընկեր կառույցները՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ իր Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններով, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։
Հեքըթոնի նպատակը
Hack2Check հեքըթոնի նպատակն է խթանել Հայաստանում մեդիա և տեղեկատվական գրագիտության մարտահրավերների և քարոզչության դեմ պայքարի նորարար լուծումների մշակմանը՝ համախմբելով երիտասարդների, տեխնոլոգիական ոլորտի մասնագետների, կրթության մասնագետների և մեդիա փորձագետների։
Հեքըթոնը տևելու է 24 ժամ, որի ընթացքում անցկացվելու են փաստերի ստուգման և մեդիագրագիտության վերաբերյալ դասընթացներ տեղական և միջազգային առաջատար փորձագետների կողմից։ Մասնակիցները մշակելու են տեխնոլոգիական գաղափարներ, որոնց դեմո տարբերակները ներկայացվելու են հեքըթոնի մրցատյանի գնահատականին։
Հեքըթոնի հատուկ հյուրն է լինելու ամերիկացի մեդիավերլուծաբան, Գերմանական «Մարշալ» հիմնադրամի ներկայացուցիչ, Hamilton 2.0 հարթակի հիմադիր և ղեկավար Բրեթ Շաֆերը, որն անդրադառնալու է ապատեղեկատվության և քարոզչության ժամանակակից դրսևորումներին՝ ներկայացնելով այս համատեքստում միջազգային լավագույն փորձը։ Նա նաև մենթորական աջակցություն է ցուցաբերելու հեքըթոնի թիմերին։
Դեմո մակարդակը մշակելու, զարգացնելու և կյանքի կոչելու համար հեքըթոնի ընթացքում և դրանից հետո տեխնոլոգիական, մեդիա, փաստերի ստուգման, կրթության և լրագրության ոլորտի լավագույն մասնագետները մենթորական աջակցություն են ցուցաբերելու գաղափարների շուրջ աշխատող թիմերին և տրամադրելու են խորհրդատվություններ, որոնք կնպաստեն առավել կարիքահեն և առաջատար լուծում ստանալու գործընթացին։
Հետհեքըթոն․ Հետհեքըթոնային շրջանում (3 ամիս) մրցանակ շահած թիմերը ստանալու են մենթորական աջակցություն։ Մենթորներն ընտրվելու են ՀԲԸՄ-ի փորձագիտական ցանցից, ովքեր ամենամսյա պարբերական առցանց կամ անցանց հանդիպումների միջոցով աշխատելու են թիմերի հետ՝ տրամադրելով նախագծի կարիքներից բխող անհրաժեշտ աջակցություն։ Ընտրված նախագծերի կայունությունն ու շարունակականությունն ապահովելու նպատակով կդիտարկվի դրանք ներդրողների, միջազգային դոնոր կազմակերպությունների, ՏՀՏ և մեդիա ոլորտի ներկայացուցիչների ներկայացնելու հնարավորությունը։
Հայտերը դիտարկվելու են ՀԼԱ և ՀԲԸՄ ներկայացուցիչների կողմից, որից հետո ընտրված մասնակիցները և թիմերը կծանուցվեն մանրամասների և հետագա քայլերի վերաբերյալ։ Հայտի լրացման գործընթացի կամ հեքըթոնի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՀԼԱ Ծրագրերի ղեկավար Խանում Գևորգյանի հետ՝ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով։
Հրավիրում ենք հետաքրքրված ԶԼՄ-ներին՝ տեղեկատվական աջակցության, ինչի արդյունքում հեքըթոնի իրազեկման նյութերը կներառեն լրատվամիջոցների տարբերանշաններն ու համապատասխան տեղեկություն։
*******
«Hack2Check․ մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն» ծրագիրը նպատակ ունի նպաստել նորարարական լուծումների զարգացմանը՝ մեդիա և տեղեկատվական գրագիտության բարելավման ու առցանց քարոզչության կանխարգելման գործում։ Ներգրավելով երիտասարդների, ՏՏ ոլորտի մասնագետների, մեդիա աշխատողների և մասնագետների՝ ծրագիրը միտված է բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը, վերազինելու և ի հայտ բերելու արդյունավետ լուծումներ, որոնք կզարգացնեն քննադատական մտածողությունը և դիմադրողականությունը քարոզչությանը։ Մանրամասները հասանելի են ՀԼԱ կայքում՝ այստեղ։
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում: Հայտարարության մեջ արտահայտված կարծիքները և եզրակացությունները պատկանում են ՀԼԱ-ին, և պարտադիր չէ, որ դրանք համընկնեն ԱՄՆ պետքարտուղարության կարծիքի հետ: