Հետազոտական աշխատանքների առաջարկների ներկայացման բաց մրցույթ
- November 12, 2021
- Category: Հայտարարություններ
Հայտարարության տեքստը և հայեցակարգը (հարցաշար) կարող եք ներբեռնել այստեղ՝ PJC_Research_Open_Call։
Նախաբան․
Հանրային լրագրության ակումբը Հայաստանում Ամերիկայի միացյալ նահանգների դեսպանատան (ԱՄՆ Պետդեպ) աջակցությամբ իրականացնում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» երկամյա ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանում ապատեղեկատվությանը դիմացկուն հասարակության ստեղծմանը՝ քաղհասարակության, մեդիայի կարողությունների զարգացման, հանրային, մասնավոր և պետական ոլորտների միջև կայուն համագործակցության միջոցով, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ։
Ծրագրի խնդիրներն են․
Ա․ Մշակել գործիքներ, որոնք օգտագործում են ներկայիս տեխնոլոգիական և մեդիա ներուժը՝ օգնելու Հայաստանի հասարակությանը դառնալ ավելի մեդիագրագետ՝ այդպիսով հակազդելով ապատեղեկատվության տարածմանը:
Բ․ Զարգացնել հայաստանյան մայրաքաղաքային և մարզային լրատվամիջոցների աշխատողների կարողությունները մեդիագրագիտության, փաստերի ստուգման, ապատեղեկատվության բացահայտման գործում:
Գ․ Բարելավել Հայաստանի, հատկապես մարզերում գործող մեդիա ոլորտի ներկայացուցիչների թվային անվտանգության, ինչպես նաև տվյալների գաղտնիության ուղղությամբ հմտությունները:
Ծրագրի մասին՝ այստեղ։
Հետազոտական աշխատանքների նկարագրություն․
«Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում ՀԼԱ-ն հայտարարում է հետազոտական աշխատանքների առաջարկների ներկայացման բաց մրցույթ անհատ հետազոտողների և հետազոտական կազմակերպությունների համար։
Յուրաքանչյուր դիմորդ պետք է ներկայացնի հետազոտական աշխատանքների առաջարկի հայեցակարգ՝ միաժամանակ երկու թեմաների ուղղությամբ․
- Հայաստանում, մասնավորապես ՀՀ մարզերում, մեդիա ոլորտում աշխատողների կարիքները՝ ապատեղեկատվության և կեղծ լուրերի հայտնաբերման, բացահայտման և դրանց ստուգման համատեքստում։
- Ապատեղեկատվության և կեղծ պատմույթների (նարատիվ) տարածումը Տիկ-Տոկ հարթակում։
ՀԼԱ-ն խրախուսում է միաժամանակ երկու թեմաների ուղղությամբ առաջարկների ներկայացումը միևնույն դիմորդի կողմից։
- Հայաստանում, մասնավորապես ՀՀ մարզերում, մեդիա ոլորտում աշխատողների կարիքները՝ ապատեղեկատվության և կեղծ լուրերի հայտնաբերման, բացահայտման և դրանց ստուգման համատեքստում․
Հետազոտության արդյունքում ներկայացված վերջնական ուսումնասիրությունը և առաջարկների փաթեթը կիրառվելու է ծրագրի շրջանակում ստեղծվող Աքսելերատորի համար՝ որպես տեխնոլոգիական լուծում մշակելու հենք, որը կխթանի մեդիա ոլորտում աշխատողների ապատեղեկատվության, կեղծ լուրերի հայտնաբերման/բացահայտման և դրանց ստուգման կարիքների բավարարմանը։
Մեդիա ոլորոտի աշխատողների կարիքների գնահատմանն ուղղված հետազոտությունը վերաբերում է Հայաստանում գործող մեդիա աշխատողներին, սակայն առավել թիրախավորում է մարզերում գործող մեդիա աշխատողներին։
Սույն ծրագրի և հետազոտության շրջանակում մեդիա աշխատող են դիտարկվում բոլոր այն մասնագետները, որոնք մասնակցություն են ունենում մեդիա բովանդակության ստեղծման որևէ գործընթացի։ Մեդիա աշխատող կարող են լինել հեռուստառադիոհաղորդավարները, լրագրողները, ֆոտոլրագրողները, թղթակիցները, վավերագրողները, սրբագրողները, խմբագիրները, փաստերը ստուգող և հետաքննող լրագրողները, ինչպես նաև օպերատորները, մոնտաժողները, մեդիաների հաղորդակցությամբ զբաղվող մասնագետները և մեդիա բովանդակության ստեղծման գործընթացում մասնակցություն ունեցող այլ անձինք։
- Ապատեղեկատվության և կեղծ պատմույթների տարածումը Տիկ-Տոկ հարթակում․
Մեր օրերում տեղեկատվական տարափի ներքո մեծ շրջանառություն ունեն նաև ապատեղեկատվական և կեղծ լուրերի հոսքը։ Ապատեղեկատվության և կեղծ լուրերի կարելի է հանդիպել յուրաքանչյուր ցանցում և բազմաթիվ լրատվական կայքերում։
Հաշվի առնելով Տիկ-Տոկ սոցիալական ցանցի ժողովրդականությունը և հանրության կողմից հարթակի նկատմամբ աճող հետաքրքրությունը, ՀԼԱ-ն կարևորում է ապատեղեկատվական և կեղծ լուրերի պատմույթների ուսումնասիրությունը հենց այս հարթակում։
Ինչպե՞ս են ստեղծվում ապատեղեկատվական պատմույթները Տիկ-Տոկ հարթակում, որո՞նք են դրանց հիմնական նպատակները, տարածման մեխանիզմները և ազդեցությունը հանրային կարծիքի ձևավորման, ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների, տնտեսական, առողջապահական, սոցիալական, մշակութային և մի շարք այլ ոլորտների/ուղղությունների համատեքստում։ Ինչպե՞ս են իրացվում/սպառվում այդ պատմությունները հանրության կողմից, ինչպիսի՞ն է վերաբերմունքը և վստահության ցուցիչը, որո՞նք են այդ պատմույթների վտանգները/ռիսկերը, ինչպե՞ս դիմակայել կեղծ լուրերի հոսքին Տիկ-Տոկ հարթակում և մի շարք այլ հարցեր պետք է բարձրաձայնի հետազոտությունը՝ փորձելով գտնել նաև խնդրի հաղթահարմանն ուղղված առաջարկներ և լուծումներ։
Այս թեմայի հետազոտական աշխատանքների համատեքստում ՀԼԱ-ն խարխուսում է առցանց հետազոտությունների մեթոդների, նորարարական և ստեղծագործական մոտեցումների կիրառումը, որոնք թույլ կտան հետազոտությանը լինել առավել կենդանի/շարժուն և հնարավորություն կընձեռեն, որ այն իր ճկունությամբ կիրառելի դարձնի արդյունքների օգտագործումը ծրագրի/Աքսելերատորի շրջանակում և դրանից հետո։
Հետազոտական մոտեցումներ և պահանջներ․
Սույն ծրագրի շրջանակում ներկայացվող հետազոտությունների առաջարկները պետք է համապատասխանեն սոցիոլոգիայի կանոնների և մոտեցումների հիման վրա ուսումնասիրությունների իրականացման պահանջներին։
Ներկայացվող առաջարկները հետազոտական գործընթացում և արդյունքների ներկայացման համատեքստում պետք է պահպանեն Հայաստանում դրանց ներկայացուցչականության պահանջները և պետք է ներկայացնեն իրավիճակը Հայաստանում և թիրախ խմբի շրջանակում։
Հետազոտությունները պետք է լինեն մուլտիդիսցիպլինար և ներառեն հետազոտական տարբեր մոտեցումներ, այդ թվում սեղանային և դաշտային աշխատանքներ՝ փաստաթղթային ուսումնասիրություններ, հարցումներ, փորձագիտական հարցազրույցներ, ֆոկուս-խմբային քննարկումներ և այլ մեթոդներ, որոնց իրականացման գործընթացում և կենտրոնում պետք է լինեն թիրախ խմբի ներկայացուցիչներն ու իրենց առաջնային կարիքները։
Հետազոտություններն իրենց մեջ պետք է պարունակեն հետազոտությանը բնորոշ բոլոր բաղադրիչները՝ նախաբան, խնդրի նկարագրություն, նպատակներ և խնդիրներ, թիրախ խմբի նկարագրություն, հետազոտության մեթոդաբանություն և մեթոդաբանական մոտեցումներ, հետազոտության փուլերում արձանագրված փաստերի զետեղում և դրանց նկարագրություն, եզրակացություններ և առաջարկներ ուղղված բացահայտված կարիքների և խնդիրների լուծմանը։
Կարևոր է հաշվի առնել, որ հետազոտության արդյունքները և բերված առաջարկները հետագայում հիմք են հանդիսանալու մեդիա աշխատողների կարիքների բավարարմանն ուղղված տեխնոլոգիական լուծումների մշակմանը։ Տեխնոլոգիական լուծումները Հայաստանյան պայմաններում պետք է լինեն իրատեսական, իրագործելի և ունենան զարգացման հեռանկարներ։
Ովքե՞ր, ի՞նչ ժամկետներում և ինչպե՞ս կարող են դիմել առաջարկներով․
Հետազոտական աշխատանքների առաջարկների ներկայացման համար կարող են դիմել անհատ հետազոտողներ, հետազոտական կազմակերպություններ և անկախ հետազոտողների թիմեր։
Առաջին հետազոտությունը (կարիքի գնահատում) պետք է իրականացվի հետազոտական առաջարկի հաստատման, պայմանագրի կնքման պահից մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը ներառյալ (մարտի 20): Ընդ որում, հետազոտության սևագիր տարբերակը պետք է ՀԼԱ ներկայացված լինի մինչև փետրվարի 28-ը ներառյալ, որից հետո, ըստ կատարված դիտարկումների, վերջնական փաստաթուղթը պետք է ներկայացվի ՀԼԱ մինչև մարտի 20-ը ներառյալ։ Հետազոտության իրականացման ընդհանուր ժամկետը չորս ամիս է։
Երկրորդ հետազոտությունը (ապատեղեկատվական պատմույթներ) պետք է իրականացվի պայմանագրի կնքման պահից (01.06.2022) մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ։ Ընդ որում, հետազոտության սևագիր տարբերակը պետք է ՀԼԱ ներկայացված լինի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ, որից հետո, ըստ կատարված դիտարկումների, վերջնական փաստաթուղթը պետք է ներկայացվի ՀԼԱ մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ։ Հետազոտության իրականացման ընդհանուր ժամկետը չորս ամիս է։
Անհրաժեշտության դեպքում հետազոտող/ները պետք է համագործակցեն ՀԼԱ սույն ծրագրի աշխատանքային թիմի և տեխնոլոգիական լուծումը մշակող աշխատանքային թիմի հետ՝ լավագույն արդյունքի ապահովման նպատակով։
Հետազոտության հաստատման պահից ՀԼԱ-ն հետազոտությունն իրականացնող կողմի հետ կկնքի ծառայությունների մատուցման պայմանագիր՝ պայմանագրին կցելով սույն հայտարարությունը, դիմորդի կողմից ներկայացված հայեցակարգը և տեխնիկական այլ մոտեցումներ՝ որպես հավելվածներ և պայմանագրի անբաժանելի մաս։
Անհրաժեշտության դեպքում ՀԼԱ-ն կարող է կապ հաստատել դիմորդ/ների հետ հավելյալ տեղեկատվության ստացման նպատակով։ Հաստատված հայեցակարգի վերաբերյալ ՀԼԱ-ն ազատ է կատարել դիտարկումներ և առաջարկել որոշակի փոփոխություններ, որոնք միտված կլինեն իրականացվող հետազոտության և ծրագրի կարիքներից բխող լավագույն արդյունքի ստացմանը։
Հետազոտական առաջարկների ներկայացման վերջնաժամկետը՝ ս․թ․ դեկտեմբերի 17-ը ներառյալ։
Հետազոտական առաջարկները պետք է ներկայացվեն փաթեթով, որն իր մեջ պետք է ներառի՝
- Հայեցակարգ – «Հայաստանում, մասնավորապես ՀՀ մարզերում, մեդիա ոլորտում աշխատողների կարիքները՝ ապատեղեկատվության և կեղծ լուրերի հայտնաբերման, բացահայտման և դրանց ստուգման համատեքստում»։
- Հայեցակարգ – «Ապատեղեկատվության և կեղծ պատմույթների (նարատիվ) տարածումը Տիկ-Տոկ հարթակում»։
- Հետազոտություն առաջարկողի փորձառությունը հաստատող հղումներ, կատարած աշխատանքների պորտֆոլիո, նախկին, առնվազն երեք պատվիրատուների կոնտակտային տվյալներ։
- Հետազոտությունն առաջարկողի ինքնակենսագրական։
Վերոգրյալ բոլոր փաստաթղթերը պետք է լինեն PDF ձևաչափով՝ առանց խմբագրման հնարավորության։ Հետազոտական աշխատանքների հայեցակարգերը պետք է պատասխանեն այս հայտարարության ներքևում զետեղված հարցաշարին։
Հայտարարության տեքստը և հայեցակարգը (հարցաշար) կարող եք ներբեռնել այստեղ՝ PJC_Research_Open_Call։
Հետազոտությունների իրականացման փաթեթը հարկավոր է ուղարկել ՀԼԱ ծրագրերի ղեկավար, Ալեքսանդր Մարտիրոսյանին՝ [email protected] էլ․ փոստի միջոցով, թեմա դաշտում նշելով՝ «MILA_Research_Concept_Application NAME_SURNAME/ORGANISATION»:
Սահմանված վերջնաժամկետից ուշ, թերի փաստաթղթերով և ներկայացված պահանջներին չբավարարող հայտերը չեն դիտարկվելու։
Հետազոտությունների հետ կապված բովանդակային և տեխնիկական հարցերով կարող եք դիմել ՀԼԱ ծրագրերի ղեկավար, Ալեքսանդր Մարտիրոսյանին՝ [email protected] էլ․ փոստի միջոցով, թեմա դաշտում նշելով՝ «MILA_Research_Concept_Questions NAME_SURNAME/ORGANISATION»: