Մեդիագրագիտության դեսպան «Կըտ-կըտ ճուտիկ»-ն այցելել է Երևանի մանկապարտեզներ
- December 15, 2022
- Category: Նորություններ
Երևան, 15 դեկտեմբերի, 2022 թ․։ Երևանի նախակրթարանների երեխաներն ու մանկավարժները հնարավորություն են ունեցել մասնակցելու մեդիագրագիտությունը խթանող «Կըտ-կըտ ճուտիկը» ինտերակտիվ ներկայացման, որը նախաձեռնել էր Հանրային լրագրության ակումբը՝ ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ» ծրագրի շրջանակում։
Երևանի թիվ 26 և 33 մանկապարտեզների 80-ից ավելի սաներ ծանոթացել են չարաճճի ճուտիկի հետ, ով առանց մեծահասակների թույլտվության համակարգչով, համացանցի միջոցով անպետք գնումներ է կատարում, ծանոթանում օտարների հետ, որի արդյունքում բախվում է խնդիրների։
Այս մասնակցային ներկայացումը հնարավորություն է տալիս զրուցել մեդիայից, մեդիայի հետ շփման կանոններից, համացանցում անձնական տվյալների պաշտպանության կարևորությունից և մեդիագրագիտությանն առնչվող այլ թեմաներից։
Մանկավարժների համար ներկայացումը հնարավորություն է բացահայտել մեդիագրագիտության մատուցման հետաքրքիր ձևաչափեր, այդ մոտեցումները հետագայում մանկապարտեզներում կիրառելու համար։
Ներկայացումից հետո մեդիագրագիտության կարողությունների զարգացմանն ուղղված քննարկումներ են անցկացվել Երևանի թիվ 26 և 33 մանկապարտեզների դաստիարակների և տնօրենների հետ։ «Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ» ծրագրի ընթացքում նախատեսվում են վերապատրաստման դասընթացներ նախադպրոցական ոլորտի մանկավարժների համար։ Առաջին երկու վեբինարներն անց է կացնելու ԱՄՆ Թեմփլի համալսարանի մեդիագրագիտության կենտրոնի ղեկավար Շերրի Քուլվերը։ Նա կներկայացնի, թե ինչ է մեդիագրագիտությունը, ինչպես զարգացնել քննադատական մտածողությունը, ինչպես խթանել վերլուծելու, հարցեր տալու կարողությունը, ինչպես ուսումնական գործընթացը գրավիչ դարձնել նախադպրոցական երեխաների համար։ Վեբինարների մասին մանրամասները հասանելի են ՀԼԱ-ի կայքում։
Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը հանդիպմանը մանկապարտեզներին նվիրել է մեդիագրագիտության մասին հեքիաթ-գրքերի երեքական փաթեթ։
«Այս գրքերն օգնելու են մանկավարժներին խոսել երեխաների հետ բարդ թեմաներից՝ իրենց հասկանալի լեզվով, հեքիաթների ու պատմությունների ձևաչափով»,- նշել է Սեդա Մուրադյանը։
«Կըտ-կըտ ճուտիկը», «Թվային պոչ» և «Լինում է, չի լինում․․․ առցանց» գրքերը հասանելի էն նաև ՀԼԱ կայքում։
2021 թ-ին, «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակում, ՀԼԱ թիմը նախաձեռնել էր այս գրքերի թարգմանությունն ու տպագրությունը, որոնք տրամադրվել են Երևանի և մարզերի ավելի քան 180 նախակրթարանների։
«Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ» ծրագրի նպատակն է հայ մանկավարժներին ավելի լավ զինել մեդիա և տեղեկատվական գրագիտության գիտելիքներով և հմտություններով, բարձրացնել նրանց թվային անվտանգության կարողությունները, օգնել նրանց առավել լավ հասկանալու անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը, ձեռք բերելու ծրագրի շրջանակում մշակված մեդիա և տեղեկատվական գրագիտության ռեսուրսներ և կրթական պլաններ, որոնք պետք է ներմուծվեն նախադպրոցական կրթական համակարգ։
Հանրային լրագրության ակումբի մասին
Հանրային լրագրության ակումբը Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2011 թվականի մարտին:
Հանրային լրագրության ակումբի ծրագրերը նպատակաուղղված են Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը, նորարար նախաձեռնությունների միջոցով տարածաշրջանում երկխոսության, խաղաղության ու փոխըմբռնման նպաստմանը, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական հասարակության զարգացմանը:
ՀԼԱ առաքելության հիմնարար դրույթներից են նաև մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակության ձևավորումը, խոսքի ազատության և բազմակարծութան խթանումը, ինչպես նաև նորարար և համարձակ նախագծերի միջոցով սոցիալական բարեփոխումների իրականացումը: