Նորություններ

#PowerUp-ն ամփոփեց 3-րդ փուլը

Մեդիագրագիտությունը և քննադատական մտածողությունն օգնում են մեզ կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում, տարանջատել թացը չորից, վերլուծել բովանդակությունն ու չենթարկվել մանիպուլյացիաների։

Այս ամենն ավելի հեշտ է անել, երբ կողքիդ կանգնած են ոլորտի լավագույն մասնագետները և տարիքակից ընկերներդ՝ Հայաստանի տարբեր մարզերից։

Հուլիսի 2-ից 4-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ #PowerUp-ի եռօրյա դասընթացի երրորդ փուլը՝ մեդիագրագիտության, քննադատական մտածողության և փաստերի ստուգման թեմաներով։

Դասընթացին մասնակցեցին Շիրակի, Լոռու և Արմավիրի 15 երիտասարդենր և մարզային 3 համակարգողները։

Դասընթացի փորձագետների հետ մասնակիցներն ուսումնասիրեցին մեր օրերի ամենաարդիական թեմաները՝ փաստերի ստուգումը, տեղեկությունների ճշգրտումը, տեղեկատվության հարցումը, բաց աղբյուրների կիրառումը։

Երեք օրերի ընթացքում PowerUp 3-ի մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին և հանրային կապերի ու հաղորդակցության մասնագետ Ռուզաննա Թանթուշյանին։

Հրավիրյալ յուրերի և փորձագետների աջակցությամբ մասնակիցները ծանոթացան Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մանրամասներին և համաձայնագրի շուրջ շրջանառվող ապատեղեկատվությանը, ծանոթացան ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում վարվող տեղեկատվական գործընթացներին, կիրառվող մանիպուլյացիաներին և բացահայտեցին կեղծ լուրերի էվոլուցիան։

Մասնակիցներին ներկայացվեց նաև «Ոչխար»-ի տեխնիկան մեդիագրագիտության հիմքում և ֆեյքերի էվոլուցիայի պատմությունը։

Միջոցառման երկու օրերի ընթացքում լրագրողներ Նելլի Ռաֆայելյանը, Տիրայր Մուրադյանը և Հարություն Ծատրյանը մասնակիցների խմբերի՝ Շիրակի, Լոռու և Արմավիրի մարզերի հետ աշխատեցին փաստերի ստուգման գաղափարների մշակման շուրջ։ Երիտասարդները մշակեցին սեփական համայնքում փաստերի ստուգման իրենց գղափարները, դրանց գործողություններն ու ժամանակացույցը։

Առաջիկա երկու ամիսների ընթացքում մարզերի երիտասարդները կպատրաստեն փատերի ստուգման նյութեր, որոնք կհրապարակվեն ՀԼԱ էջերում և փաստերի ստուգման հարթակում։

Ն.Գ. պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերս, Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանը Հայաստանում։

Դեսպանը երիտասարդներին պատմում է Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների զարգացման մասին։ Նա նաև ընդգծում է երիտասարդների կարևորությունը մարդու իրավունքների, ժողովրդավարության ինստիտուտների կայացման գործում։

Ռուզաննա Թանթուշյան, հաղորդակցության մասնագետ, լրագրող, ԱՄՆ, Նյու-Յորք։

Ապատեղեկատվության ԱՄՆ փորձը ներկայացնելիս Ռուզաննան մասնակիցների հետ կիսվեց ԱՄՆ նախագահների օրոք նախընտրական հնարքների և գործիքների մասին, որոնք կիրառվել են երբևէ։ Մասնակիցներին ներկայացվեց նաև ԱՄՆ նախագահների և մեդիաների հարաբերությունների մասին ուշագրավ փաստեր, որոնք այսօր արդեն մեզ համար սովորական են։

Ստեփան Գրիգորյան, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի նախագահ։

Ստեփան Գրիգորյանը երիտասարդների հետ խոսեց ապատեղեկատվության մտածված ու կանխամտածված դեզինֆորմացիայի պատմության և նպատակների մասին և բերեց հստակ պատմական ու ժամանակակից քեյսերի մասին օրինակներ։

PowerUp-ի սուպերուժը՝ լրագրողներ Նելլի Ռաֆայելան, Տիրայր Մուրադյան և Հարություն Ծատրյան։

Նելլին, Տիրայրը և Հարությունը Շիրակի, Լոռու և Արմավիրի երիտասարդների հետ աշխատեցին երկու օր շարունակ՝ օգնելով նրանց մշակել փաստերի ստուգման գաղափարներ, հասկանալ՝ ապատեղեկատվության ինչ օրինակներ կան իրենց համայնքում, ինչպես են երիտասարդները պատկերացնում դրանց դեմ պայքարը, ինչ կարող են անել իրենք և ինչպես կարող են դա անել։

Առաջիկա ամիսների ընթացքում Նելլին և Տիրայրը կօգնեն երիտասարդներին, որպեսզի երիտասարդները կարողանան իրականացնել փաստերի ստուգում իրենց համայնքներում և հրապարակեն հոդվածներ։

Տիրայր Մուրադյան, լրագրող, Հետք

Հարություն Ծատրյան, փաստերի ստուգման մասնագետ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Նելլի Ռաֆայելյան, լրագրող, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Հետագայում, երիտասարդների կողմից պատրաստած փաստերի ստուգման նյութերին անդրադարձ կլինի #PowerUp նախագծի շրջանակներում արտադրվող «Ինֆոդեմիա» հաղորդումների շարքում։ Պատրաստելով փաստերի ստուգման նյութեր, երիտասարդները կստանան նաև հոնորարներ։

Իսկ #PowerUp-ն առաջ է գնում՝ նախապատրաստվելով #PowerUp 4-րդ փուլին, որին կմասնակցեն առաջին երեք փուլերի մասնակիցները։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend