Հայտարարություններ

«Մարդն ու արդարադատությունը»․ վավերագրական ֆիլմերի և մուլտիմեդիա նյութերի մրցույթ

Հանրային լրագրության ակումբը, «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, հայտարարում է կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի, լոնգրիդ ձևաչափի և մուլտիմեդիա նյութերի (այսուհետ՝ Նախագիծ) պատրաստման բաց մրցույթ:

Մրցույթի և համագործակցության մասին

«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում լրագրողական նյութեր պատրաստելու նպատակով ընտրվելու է ծրագրի առաջնահերթություններին ու գնահատման չափորոշիչներին լավագույնս համապատասխանող  5 հայտ։  Ընտրված նախագծերը ստանալու են ֆինանսական և մասնագիտական աջակցություն։

Դիմորդների հայտերը գնահատելու է ծրագրի Կոնսորցիումի կողմից ձևավորված հանձնաժողովը՝ ըստ հայտարարության առաջնահերթությունների, պայմանների, պահանջների և բերված չափորոշիչների։

Մրցույթն անցած կողմերի հետ կնքվելու են ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնցում ներառվելու են կատարվելիք աշխատանքների մանրամասները և ժամանակացույցը։

Մրցույթին ներկայացվող ֆինանսական առաջարկները չպետք է գերազանցեն  1,500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը։

Բովանդակության մասին

Նախագծերը պետք է անդրադառնան արդարադատության, դատաիրավական համակարգի և այդ համատեքստում մարդու իրավունքների ու ազատությունների հետ ուղիղ առնչություն ունեցող հարցերին, առկա խնդիրներին, դրանց ուղղությամբ վարվող հաղորդակցությանն ու պետություն-քաղհասարակություն-հանրություն շրջանակի փոխգործակցությանը՝ բարեփոխումների մշակման և իրականացման գործընթացում։

Նախագծերը պետք է վեր հանեն խնդիրները՝ մարդկային իրական պատմությունների ներկայացմամբ:

Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր Նախագիծ կառուցված լինի կոնկրետ դեպքի, պատմության և կերպարների հիման վրա, որի սյուժեն անցկացվում է արդարադատության համակարգի պրիզմայով և այն ուսումնասիրված է հայտատուի կողմից։

Նախագծերում առանցքային դեր պետք է ունենա մարդը՝ արդարադատության և դատաիրավական համակարգի հետ ունեցած իր պատմությամբ և փորձով։ Նախագծերը պետք է ցույց տան համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունն ու առկա իրավիճակի ուղիղ ազդեցությունն անհատի, հասարակության կյանքի վրա՝ ընդգծելով համակարգային խնդիրների բացասական հետևանքները։

Նախագծերում առանցքային դերակատարում պետք է ունենան նաև քաղհասարակության ոլորտի կառույցներն ու ներկայացուցիչները (մասնավորապես՝ այս ծրագրի Կոնսորցիումի անդամ ՔՀԿ-ները Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների), որոնք ներկայացվելու են իբրև հասարակության և պետության հաղորդակցության կապող օղակ, բարեփոխումների գործընթացին խթանող կողմեր, որոնք հանդես են գալիս իրենց առաջարկներով՝ նպաստելով համակարգային փոփոխությունների սահուն ընթացքին։ Մարդու իրավունքների փորձագետի ներգրավումը առանցքային դերակատարում ունի հայտերի դիտարկման փուլում։ Այն կարևոր է Նախագծի սցենարի զգայունության և իրավական առումով ճիշտ կառուցվածք ու բովանդակություն ստանալու տեսանկյունից։

Որո՞նք են մրցույթի առաջնահերթությունները

Նախագծերը կարող են անդրադառնալ ուժային կառույցների (ոստիկանություն, ԱԱԾ, այլ), դատական համակարգի, արդարադատական մեխանիզմների, մարդու իրավունքների և ազատությունների իրացման խնդիրներին, քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնության և անարդարության դեպքերին։

Դիմորդներն ազատ են թեմայի ընտրության հարցում։ Այդուհանդերձ, Կոնսորցիումը առաջնահերթություն է տալիս Նախագծային առաջարկներին, որոնք կարող են անդրադառնալ ստորև բերված թեմաներին, սակայն չսահմանափակվեն դրանցով․

  • Ներքին գործերի նախարարության ձևավորումը և ոստիկանության համակարգային բարեփոխումների ընթացքը։
  • Քաղաքացուն ծառայող ոստիկանի օրինակելի կերպարին ու վարքին չնպաստող խնդիրներն ու մարտահրավերները։
  • Դատաիրավական համակարգում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի ոչ պատշաճ քննության, անպատժելիության, խոշտանգման ու բռնության դեպքերի խնդիրը։
  • Դատարանների անկախության ապահովման խոչընդոտներն ու դատավորների բարեվարքության կարևորությունը։
  • Դատախազության կողմից հանրային հնչեղություն ունեցող գործերի քննության ընթացքին առնչվող խնդիրների վերհանումը։ Օրինակ՝ ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան գործերի քննության ընթացքին վերաբերող հիմնահարցերը։
  • Բարձրագույն դատական խորհրդի դատավորների ժողովի գործունեության հետ կապված խնդիրները, որոնց վերաբերյալ Հայաստանի քաղհասարակության մի շարք կառույցներ մտահոգություններ են հայտնել մի շարք հայտարարություններում։

Ովքե՞ր կարող են մասնակցել մրցույթին

Մրցույթին կարող են մասնակցել մեդիա կազմակերպություններ, լրատվական կազմակերպություններ, անհատ լրագրողներ, լրագրողներից, մեդիա և ստեղծագործական աշխատակիցներից բաղկացած խմբեր։ Մրցույթին մասնակցելու համար կարևոր է, որպեսզի հայտատուն ունենա որոշակի և արժանահավատ փորձառություն, ձևավորած լինի համանման աշխատանքի պորտֆոլիո։

Ինչպիսի՞ Նախագծային առաջարկներ կարող են ներկայացվել մրցույթին

  • Վավերագրական կարճամետրաժ ֆիլմեր՝ մինչև 15 րոպե տևողությամբ։
  • Լոնգրիդ ձևաչափի մուլտիմեդիա նյութեր, որոնք կպարունակեն տեքստեր, տեսանյութեր, լուսանկարներ։
  • Ֆոտոպատմություն՝ բաղկացած առնվազն 15 բարձրորակ, արժեքավոր լուսանկարից և դրանց զուգորդվող պատմությունից։

Ստորև կարող եք տեսնել նախորդ տարվա բաց մրցույթով իրականացված Նախագծերի արտադրանքները՝

  1. Մկրտիչ Կարապետյան, լոնգրիդ – Վեթինգ. ո՞ւր հասավ իրականացումը
  2. Գևորգ Թոսունյան, լոնգրիդ – (Ան)ողջամիտ ժամկետներով քննություն․ ինչպես են գործերը տարիներով մնում դատարաններում
  3. Լիլիթ Ավագյան, վավերագրական ֆիլմ – Հե՜յ, ո՞վ կա այդտեղ
  4. Նարեկ Կիրակոսյան, վավերագրական ֆիլմ – Բռունցքով հարվածներ, պաշտոնանկություններ. ինչպե՞ս են ընթանում ոստիկանության բարեփոխումները
  5. Լիլիթ Հովհաննիսյան, վավերագրական ֆիլմ – Ոճիր՝ առանց պատժի

Ինչպե՞ս մասնակցել մրցույթին

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումը, այնուհետև դիմորդ/ների ինքնակենսագրականների և պորտֆոլիոյի հետ ուղարկել Հանրային լրագրության ակումբ` [email protected] էլեկտրոնային փոստին` թեմայի դաշտում նշելով «Justice_Reforms_Documentary-YOUR_NAME_SURNAME»։ Փաթեթը պետք է պարունակի՝

  1. Ամբողջությամբ լրացված հայտադիմումը և փորձառությունը հավաստող պորտֆոլիոն (Համանման աշխատանքների հղումներ։ Պորտֆոլիոն ներկայացվում է առցանց հայտադիմումում)։
  2. Դիմորդ/ների ինքնակենսագրականը,

Ոչ ամբողջական, ոչ հայատառ և թերի լրացված հայտերը մրցույթում չեն դիտարկվելու։ Դիմելուց հետո յոթնօրյա ժամկետում դիմումատուն կստանա ծանուցում հայտի ստացման վերաբերյալ։ Ավելի ուշ՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո, բոլոր դիմումատուները տեղեկացվելու են արդյունքների մասին։ Մրցույթի արդյունքները՝ թափանցիկության սկզբունքով հրապարակվելու են Հանրային լրագրության ակումբի պաշտոնական կայքում։

Գնահատման ընթացակարգ

Ստացված հայտերը գնահատվելու են ծրագիրն իրականացնող Կոնսորցիումից ձևավորված հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովի աշխատանքները կարգավորվելու են ՀԼԱ կողմից՝ բաց մրցույթների վարման և արդյունքների գնահատման ու ամփոփման ընթացակարգին համապատասխան։

Գնահատման չափանիշները թվարկված են ստորև․

  • Հայտադիմումով առաջարկվող բովանդակության համապատասխանությունը մրցույթի պայմաններին (5 միավոր)։
  • Հայտադիմումով առաջարկվող բյուջեի համապատասխանությունը ներկայացված Նախագծին (5 միավոր)։
  • Հայտատու/ների կոմպետենտությունը և կենսագրական համապատասխանությունը (5 միավոր)։
  • Հայտատու/ների պորտֆոլիոն՝ համանման աշխատանքների կատարման փորձառությունը (5 միավոր)։
  • Նախագծի ձևաչափը (ֆիլմ, լոնգրիդ, ֆոտոպատմություն)՝ ներկայացված խնդիրը լավագույնս լուսաբանելու տեսանկյունից (3 միավոր)։

Հանձնաժողովի գնահատումն ամփոփվելու է համապատասխան արձանագրությամբ և ենթակա չի լինելու բողոքարկման։

Մրցույթի ժամկետները

  • Մրցույթի հայտարարումը՝ 2023 թվականի հունվարի 20
  • Մրցույթի վերջնաժամկետը՝ 2023 թվականի փետրվարի 19
  • Մրցույթի արդյունքների ամփոփումը՝ 2023 թվականի փետրվարի 28
  • Նախագծերի պատրաստման մեկնարկը և պայմանագրերի կնքումը՝ 2023 թվականի մարտի 3
  • Նախագծերի պատրաստման աշխատանքների ավարտը և հանձնումը՝ 2023 թվականի մայիսի 31։

Հարցերի դեպքում

Մրցույթի հետ կապված և հայտադիմումի բովանդակային հարցերով կարող եք կապ հաստատել Հանրային լրագրության ակումբի Ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանի հետ՝ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով։

Կոնսորցիումի մասին

«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի գլխավորությամբ ձևավորված Կոնսորցիումը, որի անդամներն են՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ), «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն և Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ):

Ծրագիրը նպատակ ունի նպաստել արդարադատության ոլորտի բարեփոխումների բարեվարքությանը՝ խթանելով գործընթացների հաշվետվողականությանը, թափանցիկությանը և վերահսկողությանը։

Կոնսորցիումի և ծրագրի մասին ավելին՝ այստեղ։

Documentary_Application_YOUR_NAME_SURNAME



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend