Հեքըթոն․ ապատեղեկատվություն և մեդիագրագիտություն
- November 23, 2022
- Category: Հայտարարություններ, Նորություններ
Սիրելի հեքերներ, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, ստարտափերներ և ՏՏ էնտուզիաստներ,
⭐️ Մեծ ուրախությամբ հայտարարում ենք, որ դեկտեմբերի 3-4-ը տեղի է ունենալու «Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոն 2022»-ը՝ փաստերի ստուգման և մեդիագրագիտության կարողությունների զարգացմանն ուղղված տեխնոլոգիական լուծումներով նախագծերի համար։
💥 Մրցանակային ֆոնդը կազմում է 15,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որը շնորհվելու է երեք լավագույն գաղափարների հեղինակներին։
Ի՞նչ կարող ես անել դու՛․
Առաջարկել տեխնոլոգիական լուծումներով այնպիսի գաղափար, որը կօգնի․
🔹բացահայտել կեղծ լուրերը,
🔹ստուգել տեսանյութի կամ այլ մեդիա կոնտենտի իսկությունը,
🔹օգնել օգտատերերին կողմնորոշվել մեդիա կոնտենտում,
🔹աջակցել լրագրողներին փաստերը ստուգելու գործիքներ ստեղծելով,
🔹աջակցել լրագրողներին բաց տվյալներից օգտվելու պրոցեսը հեշտացնելով,
🔹փաստեր ստուգելու պրոցեսը խաղաֆիկացնել և այլն։
Հեքթոնի մասնակցության համար լրացրեք մասնակցության առցանց հայտը մինչև նոյեմբերի 28-ը։
Հեքթոնն իրականացնում է Հանրային լրագրության ակումբը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ։
Դեմո մակարդակը մշակելու, զարգացնելու և կյանքի կոչելու համար Հեքըթոնի ընթացքում և դրանից հետո տեխնոլոգիական, մեդիա, փաստերի ստուգման, կրթության և լրագրության ոլորտի լավագույն մասնագետները մենթորական աջակցություն են ցուցաբերելու գաղափարների շուրջ աշխատող թիմերին և տրամադրելու են խորհրդատվություններ, որոնք կնպաստեն առավել կարիքահեն և առաջատար լուծում ստանալու գործընթացին։
Գիտե՞ք` աշխարհում ինչ հետաքրքիր գաղափարներ են ստեղծվել հեքըթոնների ընթացքում: 2022 թ․-ի Bellingcat-ի առաջին հեքըթոնի հաղթողներն են․
👉 Socnet Dynamic Image Search — «ВКонтакте» սոցիալական ցանցում հաշիվների նույնականացման գործիք, որի օգնությամբ կարելի է գտնել օգտատերերի ընկերների ընկերներին, ինչպես նաև սոցիալական ցանցի ներսում փնտրել կոնկրետ բառեր պարունակող գրառումներ (օրինակ՝ «զինվոր» կամ «դրոշ») և անհրաժեշտ լուսանկարներ։
👉 GraphNAVI — հնարավորություն է տալիս վերբեռնել աղյուսակային տվյալներ և վիզուալացնել ցանցեր՝ առանց դրա համար հատուկ կոդ գրելու։
👉 Graphinator — ցանցային գրաֆիկներ պատրաստելու գործիք։ Լրագրողները կարող են այս գործիքն օգտագործել ավելի գեղեցիկ և պարզ վիզուալներ ստեղծելու համար։ Հնարավորություն է տալիս ավելացնել, խմբագրել, հեռացնել հանգույցներ և համակարգչի մեջ ներբեռնել արդյունքը։
👉 Անգամ Twitter-ն է ստեղծվել հեքըթոնի արդյունքում։
Ինչպիսի՞ կիրառվող գործիքներ կան արդեն՝ լրագրողների համար։
❓ inVid
Սա տեսանյութերը վերիֆիկացնող գործիք է, Plugin ,անվճար, հասանելի մի քանի լեզուներով։
❓ Gossip Machine
Այս գործիքն օգնում է գտնել ձեզ հետաքրքրող թեմայի՝ լրատվամիջոցներում հայտնվելու ամսաթիվը։ Gossip Machine-ը գեներացնում է էջադիտումների օրական միջին քանակը, ընդգծում այն ամսաթվերը, երբ դիտումներն աճել են 150-190%-ով։
❓ Carl’s Name Net
Առաջարկում է որոնված անվան տարբերակներ և դրանք փնտրում Google-ում, Google գրքերում, Google ակադեմիայում և Ինտերնետ արխիվում։ Օրինակ՝ «Սարգիս Սարգսյան» անունը մուտքագրելու դեպքում կայքը որոնման հղումներ կտա վերոհիշյալ հարթակներից։
❓ Kebberfegg RSS Generator
Really Simple Syndication-ը (RSS) համացանցում ամենաթերագնահատված տեխնոլոգիաներից է: RSS հոսքերը կայքերից ծանուցումներ ստանալու շատ հեշտ միջոց են: Kebberfegg-ը գեներացնում է բանալի բառերի վրա հիմնված RSS հոսքեր տարբեր ռեսուրսների համար՝ Bing, Google News, Reddit և WordPress։
💥 Դուք նույնպես կարող եք մշակել և առաջարկել նոր գործիք։
«Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոն 2022» նպատակն է համախմբել Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների, մեդիա, կրթության ոլորտները և համատեղ ուժերով մշակել տեխնոլոգիական լուծումներ, որոնք կնպաստեն հանրության լայն շրջանակների, մեդիա համայնքի և կրթության ոլորտի մեդիագրագիտությանը, կաջակցեն փաստերի ստուգմանն ու տեղեկությունների ճշգրտմանը։
Կիսելով մոտեցումը, հեքթոնին արդեն միացել են մեր գործընկեր կառույցները՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Հայաստանում Ամերիկյան խորհուրդները, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն իր կողմից իրականացվող և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրով, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը , ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Հեքըթոնն հայտարարվել է Մեդիագրագիտության հայաստանյան շաբաթվա շրջանակում (նոյեմբեր 7-13, 2022), որ ամեն տարի կազմակերպվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Այն անցկացվում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում։ Ծրագրի մանրամասները հասանելի են այստեղ։
Դիմորդներին առաջարկում ենք ծանոթանալ ՀԼԱ-ի աջակցությամբ և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից իրականացված հետազոտության արդյունքներին, որոնք բացահայտում են ապատեղեկատվության հետ աշխատանքի և տեղեկությունների ստուգման հարցերում մեդիա աշխատողների կարիքները։
💥 Մենք ձեզ համար մեկ տարբերակ ևս ունենք։
Դուք ծանո՞թ եք մեր մեդիագրագիտության սեղանի խաղին՝ Մեդիագիտակին:
Այն բաղկացած է 4 քարտերից՝
- թեստադարան,
- հարցերի գիտակ,
- վերնագրի դերը,
- ինֆոքարտ
Ամեն քարտ ունի իր հստակ առաջադրանքը։ Դպրոցականների, մանկավարժների, համալսարանականների հետ այս խաղը փորձարկելուց հետո հասկացանք՝ ինչ մեծ է Մեդիագիտակի պահանջարկը։
💥 Հեքըթոնին կարող եք դիմել և ներկայանալ Մեդիագիտակի հիման վրա թվային լուծման գաղափարով:
🔹Խաղը թվային ռեսուրս, օրինակ՝ մոբայլ հավելված դառնալու դեպքում կարող է հասանելի լինել բոլորին։
🔹 Մեդիագիտակը դարձրու՛ թվային, կամ դրա հիման վրա ստեղծիր ու առաջարկիր հավելյալ լուծումներ։