Նորություններ

Վավերագրական ֆիլմերի պրեմիերա․ «Բարձրաձայն խոհեր», «Կյանքն ինչպես որ է»

44-օրյա պատերազմից մեկ տարի անց Հանրային լրագրության ակումբը նկարահանել է «Բարձրաձայն խոհեր» և «Կյանքն ինչպես որ է» վավերագրական ֆիլմերը, որտեղ մարդիկ պատմում են իրենց բաժին հասած պատերազմի, խաղաղության, տարածաշրջանում հետագա կյանքի իրենց պատկերացումների մասին։

«Կյանքն ինչպես որ է» ֆիլմն Արփիի, Մանվելի, նրանց 4 երեխաների, շան ու կատվի պատմությունն է։ Պատերազմի պատճառով նրանք ստիպված թողել են իրենց տունը, հայրենի քաղաքը՝ Շուշին, ու բնակություն հաստատել Աբովյան քաղաքում։ Պատերազմի ընթացքում զոհվել է Արփիի եղբայրը՝ Գևորգը:

Ընտանիքը վարձով է ապրում, Մանվելը հաշմանդամություն ունի դեռևս 2004 թվականից, երբ վիրավորվեց զինվորական ծառայության ժամանակ: Չնայած անդառնալի կորուստներին՝ համերաշխ այս ընտանիքը փորձում է ուժ գտնել՝ շարունակելու կյանքը:

«Կյանքն ինչպես որ է» ֆիլմի հեղինակը լրագրող Լիլիթ Ավագյանն է։

«Բարձրաձայն խոհեր» ֆիլմում հեղինակը միավորել է 4 տարբեր մասնագիտության տեր մարդկանց պատմությունները։

Լեզվաբան, գրականագետ Ամալյա Սողոմոնյանը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանը, խաչքարագործ Համբիկ Համբարձումյանն ու պարուհի, դերասանուհի Քրիստինա Դանիելյանը ներկայացնում են իրենց ապրած պատերազմի ու խաղաղության սահմանումները՝ անձնական պատմությունների միջոցով, որոնք տարբեր կետերում հատվում ու նորից բաժանվում են՝ ստեղծելով մեկ պատմություն, որում մեզնից յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն։

«Բարձրաձայն խոհեր» ֆիլմի հեղինակը լրագրող Սոֆի Թովմասյանն է։

Ֆիլմերը նկարահանվել են «Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների փաստերի ստուգման կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում։ Դրանք հասանելի են 5 լեզուներով՝

Սույն ֆիլմերը ֆինանսավորվել են ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ֆիլմերում արտահայտված են հեղինակների դիրքորոշումները, որոնց համընկնումն ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend